Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/511

Այս էջը հաստատված է

— Զավակնե՜րս, զավակնե՜րս«... Ինչո՞ւ մեզ հետ չեք հիմա…

Նրա գիտնականության և հմտության հռչակը ավելի բարձրացավ, որովհետև շատ մահամերձ հիվանդների էր իրկում մահից։ Բայց նրա միտքը հիմա մի ուրիշ բանով էր զբաղված։ Նա մտածում էր. «Կարելի չէ՞ արդյոք Լիայի աչքերը լավացնել, վերցնել նրա աչքերից սպիտակ փառը»։

Այս միտքը նրան սաստիկ զբաղեցնում էր, բայց այս մասին ոչովի բան չէր ասում։ Ամբողջ օրերով փակվում էր սենյակումը և կարդում էր այն գրքերը, որոնցում նկարագրված էին լինում աչքի ցավերը։ Սրա հետ միասին նա սկսում էր կտրատել շների և ճագարների աչքերը, հետազոտում էր նրանց կազմակերպությունը։

Վերջապես նա մի պառավ կատու գտավ, որի աչքերին սպիտակ փառ էր քաշված։ Իսահակը շատ ուրախացավ այս գյուտի համար և մտածեց. «Եկ մի փորձ անեմ սրա վրա, դանակով կտրեմ սրա աչքի փառը և տեսնեմ՝ ինչ հետևանք է ունենում»։

Իսահակը բռնեց կատուն և պինդ կապեց սեղանի վրա, ձեռքն առավ դանակը և զգուշությամբ կտրեց մի աչքի փառը, հետո մյուս աչքինը։ Նրա այս փորձը զարմանալի հաջողություն ունեցավ. կույր կատվի աչքերը բոլորովին առողջացան և նա սկսեց տեսնել։

Մի քանի ժամանակից հետո նա մի ուրիշ կատու էլ գտավ, նրա վրա էլ փորձ արավ,— դարձյալ հաջող։ Այս փորձը նա շատ անգամ կրկնեց և քիչ անգամ հանդիպեց անհաջողության։ Ամեն փորձից հետո Իսահակն ասում էր ինքն իրան, «Կարծեմ հիմա կարող եմ, ձեռքերս բավական վարժվել են»։

Բայց անցնում էր մի օր, նա էլի սիրտ չէր անում։ «Ո՛չ, դեռ սպասեմ, մեկ անգամ էլ կրկնեմ փորձս», մտածում էր նա:

Տարի ու կես ուշացրեց գործը և շարունակ փորձեր էր անում։ Կրած տանջանքները նրան զգուշություն էին տվել։ Վերջապես նա վճռեց, գնաց Լիայի սենյակը և ասաց նրան.

— Լիա՛ ուրախացի՛ր, ես կարող եմ վերադարձնել քեզ քո աչքերիդ լույսը։