Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/513

Այս էջը հաստատված է

— Լիա՛,ես դեռ գործի կեսն եմ արել,— ասաց նա, վերցրեց դանակը և աջ աչքի փառն էլ կտրեց։ Լիան սկսեց տեսնել երկու աչքովն էլ։

Հետո վիրակապ դրավ կնոջ աչքերին Իսահակը և ասաց.

—Լիա՛, կրած նեղությունդ դեռ վերջացած չէ. դու պետք է մնաս անշարժ պառկած դեռ մի քանի օր և աչքերդ պիտի փաթաթած մնան, մինչև վերքերը կառողջանան։

Այս պատվերն էլ կատարեց Լիան, մնաց անշարժ պառկած մի քանի օր և չարձակեց վիրակապը մինչև վերքերի առողջանալը։ Հետո ինքն՝ Իսահակը վերցրեց վիրակապը և ասաց.

— Այժմ, Լիա դու կարող ես տեսնել աստծո ստեղծած լույս աշխարհը:

Լիան նայեց իր ամուսնու վրա, լաց եղավ ուրախությունից, ծունկ չոքեց և համբուրեց նրա ձեռքերը։

Շուտով ամբողջ քաղաքում համբավ տարածվեց, թե Իսահակ Ջեմը առողջացրել է իր կնոջ աչքերը, վերադարձնելով նրա տեսողությունը, և ամենքը զարմանում էին նրա ճարտարության վրա և ավելի զարմանում էին, որ այդ փորձն արել է իր կնոջ վրա։ Ոմանք նրան համարում էին մեծ մարդ, իսկ ոմանք անվանում էին խելագար։ Նրա հռչակը օրեցօր բարձրանում էր։

Մեկ անգամ նրա մոտ գալիս է մի ճոխ հագնված կինարմատ ու ոտքերն ընկնելով, ասում է նրան.

— Իսահակ Ջեմ, ի սեր ամենակալ արարչին, ի սեր բոլոր սուրբերին, փրկիր իմ որդուն։

Իսահակը նրան ոտքի կանգնեցրեց և հարցրեց, թե ինչ է պատահել։ Եվ նա սկսում է պատմել, թե ինչպես թշնամի մարդիկ, վարձած մարդասպանների ձեռքով վիրավորում են իր որդուն, պատանին վայր է ընկնում և արյունաքամվում է. արդեն երկու օր է, որ նա պառկած է մեռածի նման, բոլոր բժիշկները ձեռք են վերցրել, օգնության հնար չգտնելով։

—Փրկիր իմ որդուն, աղաչում էր կինարմատը,— իմ արյունից ածա նրա երակները, թող ես մեռնիմ, իսկ նա ապրի։

Իսահակն ասում է, որ արյուն ածել կարող է, բայց