Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/514

Այս էջը հաստատված է

վտանգավոր բան է։ Իսկ կինարմատը լացով արտասուքով աղաչում, պաղատում է, որ չմերժի իր խնդիրքը։

—Ինոկենտիոս պապից բոլոր բժիշկները ձեռք վերցրին, — ասում է,— իսկ դու փրկեցիր. նա էլի երեք տարի ապրեց քո բժշկելուց հետո։ Միայն դու կարող ես փրկել իմ որդուն… Փրկի՛ր նրան, փրկի՛ր: Ես քեզ վարձատրելու համար ոչինչ չեմ խնայիլ:

Իսահակը շատ խղճաց նրան, բայց էլի տատանվում էր։ Նրա աչքին երևելու պես պատկերանում էր իր զավակների զարհուրելի մահը, և նորից տեսնում էր նրանց մեռնելիս սոսկալի ցնցումներով։ Բայց անծանոթ կինարմատի երեսին դրոշմած էր այնպիսի վիշտ, այնպիսի հուսահատություն, որոնց ընդդիմանալ կարող չէր Իսահակը։

—Ինձ հարկավոր չէ վարձատրություն.— ասաց Իսահակը։— Ես ձեր որդու մեջ արյուն կածեմ։ Միայն ինձ չմեղադրեք, եթե ձեզանից մեկնումեկը մեռնելու լինի։

Կինարմատն ուրախացավ և ասաց.

—Շատ լավ. ես գիտեմ, որ իմ որդին առանց քո բժշկության մեռնելու է, իսկ իմ կյանքը նրա համար խնայողը չեմ։ Իսահակը վեր առավ իր դործիքներր և կինարմատի հետ գնաց նրանց տունը։ Նրան տարան հիվանդի մոտ։ Նա տեսավ մի գեղեցիկ պատանի, կտավի պես դալկացած ընկած, չէր նշմարվում՝ քնա՞ծ էր արդյոք, թե՞ մեռած։

Իսահակը ձեռք զարկեց իր գործին։ Սկսեց մոր արյունից ածել որդու մեջ։ Նրա ձեռքերը չցնցվեցան։ Գործը վերջացավ շատ հաջող, թե՛ մայրը և թե՛ որդին ողջ մնացին։ Որդու երակների մեջ սկսեց հոսել մոր արյունը և կենդանացնեց նրան, վերականգնել նրա ուժը։ Ամբողջ գիշերը չհեռացավ Իսահակը հիվանդի կշտից։ Երբ որ սենյակի մեջը թափանցեցին արևի առաջին ճառագայթները, նա միայն այն ժամանակ վեր կացավ տեղից և մնաս բարով ասաց տանտիկնոջը ասելով.

— Ես հիմա կարող եմ հանգիստ տուն գնալ, ես հավատացած եմ, որ երկուսդ էլ շատ առողջ և զվարթ կլինիք։

Արտասուքն աչքերին շնորհակալություն արսավ բախտավոր մայրը։ Իսահակը տուն վերադառնալիս հոգեպես զմայլված