Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/521

Այս էջը հաստատված է

ամուսնուց։ Նա իր կյանքումը առաջին անգամ զգաց ծանր կսկիծ և ընկավ մի անմխիթար վիճակի մեջ։ Այս տխուր լուրը շուտ հասավ Լեոնտին և նա շտապեց մխիթարական նամակ գրել Պոլիքսենին և հրավիրել իր մոտ, որ սփոփե նրան ու փարատե տխրությունը։

Պոլիքսենը սիրով ընդունեց բարեկամի հրավերը և գնաց Սիցիլիա, ուր և մնաց մոտ ինն ամիս։ Էլ ի՜նչ գվարճություն, ի՜նչ ուրախություն ասես, որ ցույց չտվավ Լեոնտը Պոլիքսենին։ Խնջույքնե՜ր, պարե՛ր, խաղե՛ր, որսորդական և այլ հանդեսներ, մեկը մյուսից ավելի հիանալի ու զվարճալի։

Լեոնտի կինը, Հերմիոնա թագուհին, իբրև բարի տանտիրուհի, զգալով Պոլիքսենի կրած վշտի ծանրությունը, սիրալիրության կողմից ետ չէր մնում իր ամուսին թագավորից և ամեն կերպ աշխատում էր սփոփել Պոլիքսենին և փարատել նրա տխրությունը։

Եվ հիրավի, Պոլիքսենը բավականին կազդուրվեց հոգեպես և այնպես համարեց, որ իր սեփական տանն է գտնվում և ոչ թե մի օտար տեղ։ Նա՝ ամենից շատ՝ գոհ էր Հերմիոնայի սիրալիր վերաբերմունքից, նրա բարձր առաքինությունից որպես կնոջ և մոր, և սկսեց նայել նրա վրա, իբրև իր հարազատ քրոջ, իբրև մի երկնային բարի և մխիթարիչ հրեշտակի վրա։

Պոլիքսենի այս սուրբ և անբիծ մոտիկությունը Հերմիոնայի հետ՝ կասկածոտ Լեոնտի վրա հակառակ տպավորություն արավ։ Նրա հին ցավը բռնեց, սկսեց երեակայել չեղած և չլինելի բաներ։ Սկսեց հետամուտ լինել նրանց, որ տեսնի երկուսով ի′նչ են խոսում,ի՛նչ են անում, ի՛նչ են մտադիր. չլինի՞ թե իր կյանքի դեմ դավ են նյութում, չլինի՞ թե Պոլիքսենն ուզում է հափշտակել թագուհուն… Ի՜նչ զարմանալու բան կլինի,— ասում է ինքն իրան,— մի՞թե քիչ են եղել այդպիսի հափշտակություններ… Ինչքա՜ն եմ կարդացել ես դրա նման պատմություններ։

Լեոնտի այս կասկածները նրա ներսը՝ կարծես ճիճուներ էին դառնում և ուտում լերդ ու թոքը, սիրտն ու աղիքները. էլ ոչ գիշերը քուն ուներ, ոչ ցերեկը հանգիստ։

Մինչ այս, մինչ այն, Պոլիքսենը ժամանակ համարեց