Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/523

Այս էջը հաստատված է

— Տեր իմ թագավոր, ոչ ոք բացի ձեզանից չէր համարձակիլ իմ առջև այդպես անպատվել թագուհուն և մնալ անպատիժ։ Դուք էլ ձեր կյանքումը դժվար թե ասած լինիք դրանից ավելի սուտ և նողկալի խոսքեր։ Դուք հիվանդացել եք խանդացավով և անմիտ կասկածներ եք հղանում…

Բայց ո՞ւմ կասես… թագավորը, որ չէր սիրում իր կարծածի և պնդածի հակառակը լսել, Քամիլի հանդիմանությունից ավելի զայրացավ, և պահանջեց, որ նա, եթե իրան հավատարիմ հպատակ է համարում, եթե ուզում է ավելի մեծ պատիվներով բարձրացած լինիլ թագավորի կողմից, եթե չի ուզում զրկվել բոլոր ունեցած չունեցածից է այլև կյանքից, պետք է վերացնե Պոլիքսենին մի որևէ խմելիքով…

Քամիլը տեսավ, որ թագավորին չպիտի կարողանա ետ կասեցնել իր դիտավորությունից, ձևացրեց, որ պատրաստ է կատարելու նրա հրամանը, խնդրեց միայն, որ ժամանակ տա իրան՝ այդ գործը կատարելու այնպես, որ իրանցից ոչ ոք կասկածի տակ չընկնի…

Թագավորին այսպես հանգստացնելուց հետո, Քամիլը մտածեց, թե ինչպես փրկե Պոլիքսենի կյանքը վերահաս վտանգից։ Պոլիքսենն ինքն էլ նկատել էր Լեոնտի սառնությունը, նրա հարաբերության փոխվիլը. ուզում էր իմանալ դրա պատճառը։ նա առաջինը խոսեց այդ մասին Քամիլի հետ։ Թամիլը խոստովանեց ամեն ինչ մանրամասն և առաջարկեց փախչել միասին. ուրիշ ելք չկար փրկության։ Վճռեցին այլևս չուշանալ և ճանապարհ ընկնել հենց առաջիկա գիշերը։ Թաղաքի դռների բանալիքները Քամիլի ձեռքումն էին, չլինեին էլ, ով կարող էր դուռ փակել նրա առջև, քանի որ՝ թագավորից հետո՝ նա էր երկրի առաջին տերը։ Նա ցերեկը դուրս ուղարկեց Պոլիքսենի բոլոր շքախումբը քաղաքից քիչ-քիչ նկատելի չլինեին, իսկ երեկոյին, երբ մութն ընկավ, ինքն ու Պոլիքսենն էլ դուրս գնացին և նրանց հետ միանալով՝ նավ նստեցին և հաջողակ քամու հանդիպելով՝ ողջ առողջ հասան Բոհեմիա։