Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/524

Այս էջը հաստատված է

3

Հիմա էլ ո՞վ կարող էր զսպել Լեոնտի կատաղությունը. էլ ո՞վ կարող էր համոզել նրան, որ մեղավորն ինքն է։ Հենց որ իմացավ Քամիլի փախուստը Պոլիքսենի հետ, հաստատվեց իր համառության մեջ, որ անկասկած դավադրություն է եղել իր կյանքի դեմ, և որ այդ դավադրության մեջ խառն է եղել և Քամիլը։

Այսպես գլուխը չարաթույն կասկածներով ամբարած՝ մտնում է թագուհու մոտ, որին համարում էր գլխավոր դավադիրը, և բոլոր պաշտոնյաների առջև ինչ լափ ասես՝ նրա գլխին է ածում ամենաստոր հայհոյանքներով։

Խեղճ կինը, որ տեղն ու տեղը մի սրբություն էր, մի անմեղություն, որ արդեն երկունքի վրա էլ էր, որքան աշխատում էր հավատացնել մարդուն իր անմեղությունը, որ նա բնավ տեղեկություն չունի նրանց փախուստի մասին և չգիտե, ինչ առիթ ունեին նրանք այդպես վարվելու, բայց թագավորը կարծես խլացել էր, նրա ասածները լսել չէր ուզում տղային դրկիցը խլեց կոշտությամբ և հրամայեց, որ մորը տանեն բանտ, որպես պետական հանցավորի, որպես Նորին Մեծության կյանքի դեմ մահ նյութողի։

— Ի՞նչ կարող եմ ասել,— ասաց թագուհին։— Ինձ մնում է միայն սպասել, մինչև Երկինքը կնայե մեզ վրա ավելի գթոտ և քաղցր դեմքով։ Ձեզ բոլորիդ, որ կանգնած եք իմ շուրջը, պետք է ասեմ, որ ես չունիմ այն լալկանությունը, որ հատուկ է առհասարակ կին սեռին։ Գուցե դուք էլ' իմ աչքերում արցունք չտեսնելով՝ չխղճաք ինձ։ Բայց գիտացեք, որ իմ վիշտն այնքան մեծ է և այնքան այրող, որ նրան զովացնել կարելի չէ արցունքի ոչ մի հորդառատ հեղեղով։ Խնդրեմ ինձ դատեք ձեր սրտերի թելադրությամբ, իսկ դրանից հետո թող լինի այնպես, ինչպես կամենում է թագավորը։ Մնա՛ք բարյավ տեր իմ թագավոր, ոչ մի անամ չեմ ցանկացել' տեսնել քեզ վշտի արցունք թափելիս, բայց, միտներդ պահեցեք. շուտով կզղջաք, կսկսեք արտասվել դառնապես, բայց ո՜ւշ կլինի...

Թագուհին՝ այս խոսքերն ասելուց հետո՝ անտրտունջ հպատակվելով իր ճակատագրին, և հանգիստ խղճով, որպես