Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/525

Այս էջը հաստատված է

միայն արդարներն են լինում, շրջապատված սգավոր շքախմբով՝ գնաց դեպի բանտ։

Թագավորի այս անիրավացի խստությունը և անարդար վճիռը բոլոր պալատականների մեջ խոր հուզմունք առաջացրեց, և նրանցից մեկը՝ ծերունազարդ Անտիգոնը,— որի կինը՝ Պաուլինան՝ թագուհու ամենամոտիկ խորհրդակիցն ու բարեկամուհին էր,— ուղղակի սկսեց կշտամբել թագավորի դժնդակ վարմունքը։ Սրա վրա բարկացավ թագավորը և ասաց.

— Իմ ի՞նչ պետքս են ձեր կարծիքները, ձեր համոզմունքներն ու դատողությունները… Ես չե՞մ միթե ձեր տերը, ձեր թագավորը։ Էլ ի՞նչ թագավոր կլինեմ, եթե ա՛յն չանեմ, ինչ որ ինքս եմ կամենում։ Եթե ես ձեզ հայտնեցի իմ կնոջ վարմունքը, նրա հանցանքը, այդ արի ես միայն իմ սրտի բարությունից, որ դուք՝ տխմարներդ՝ չիմացաք գնահատել։ Դուք ձեր հիմարությունից չեք տեսնում իմ տեսածը, չեք հասկանում իմ հասկացածը, էլ ի՞նչ կարող եմ իմ անելիքի մասին հարցնել ձեր խորհուրդը։ Այս գործի մեջ ամեն ինչ ինձ է վերաբերում, լինի դա վնա՛ս թե օգուտ, վիշտ թե ուրախություն…

Երբ ինքն իրան պաշտպանողը մի բռնակալ թագավոր է, կամ՝ թեև խելքը պակաս, բայց մի ինքնակալ իշխան է, որ ճարտար լեզվի հետ թուր էլ ունի ձեռին, և իրավունք՝ իրեն չլսողների գլուխը թռցնելու, էլ ի՞նչ կարող ես անել այդ դեպքում։

Բայց Լեոնտը անվեհեր բռնակալներից չէր։ Նրա գոռոցը սաստիկ էր, բայց այդ րոպեին նա նմանում էր մի արջի, որ իր ահիցն էր գոռում։ նա վախենում էր ժողովրդի հուզմունքից։ Ի՞նչ կարող էր անել, եթե հանկարծ ժողովուրդը ոտքի կանգներ և աղաղակեր. «էլ չենք ուզում քեզ, հեռացիր գահից և թող տեղդ արժանավորին»։ Ի՞նչ կարող էր անեք, եթե պալատականները խոսք մեկ անեին և մեկ գիշեր տեղնուտեղ ոչնչացնեին։ նա գոռալով՝ դրանց վրա էր ուզում ազդել, դրանց էր ուղում հավատացրած լինել, որ ինքն արդար է, որ իր ասածն ուղիղ է...

Լեոնտի պես կասկածոտ մարդը, ամեն հողմից շարժվողը,