Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/526

Այս էջը հաստատված է

եթե ոչ ոք նրա մասին շար խորհուրդ չունենար էլ, նա ինքը կստեղծեր երևակայության մեջ և կսկսեր իր շվաքիցն անգամ վախենալ, իր արքայական պալատը մի դժոխքի կփոխարկեր և ինքը ողջ֊ողջ միջին կտանջվեր...

Նա իր իշխանությունը համարելով անսահման, այսուտմենայնիվ, ասում է. «Որպեսզի ձեզ նման տխմարների կասկածը փարատված լինի և կարողանաք լսել ճշմարտությունը ձեր ականջովը, ես երկու հուսալի մարդ կուղարկեմ Ապոլոնի պատգամախոսի մոտ, որ նա հայտնե մեզ եղելությունը այնպես, ինչպես կա»:

Էլ ի՞նչ եք ուզում, սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ մարդը անարդարություն չի գործում... Ուրեմն կարող եք սպասողական դիրք բռնել և հանդարտ կենալ, մինչև դատը տեսնվի:

4

Խեղճ թագուհին բանտումն ազատվեց երկունքից և բերավ մի շատ սիրուն աղջիկ։ Այդ երեխան մոր միակ մխիթարությունը դառավ բանտի միայնության մեջ, ուր պալատականներից ոչ ոք չէր կարողանում գալ թագավորի երկյուղից։ Ոչ ոք իրավունք չուներ հիշեցնել թագավորին թագուհու քաշած նեղությունները, նրա կարոտությունները և վերջապես նրա անմեղությունը։ Բայց ինչ որ այլ մարդկանցից ոչ ոք չէր համարձակում անել, այն արավ մի կին։ Դա էր Պաուլինան՝ Անտիգոնի կինը։

Տիկին Պաուլինան հնարք գտավ մտնել բանտը, ուր չէր կարելի մտնել առանց բարձրագույն հրամանի, և խնդրեց թագուհուն, որ նորագին դուստրը հանձնե իրան, գուցե նրանով կարողանա շարժել անխելքացած բռնավորի սիրտը և թագուհու անմեղությունն ապացուցանել նորածին զավակի հոր հետ ունեցած նմանությունովը։

Լեոնտը հանգստություն չուներ ոչ գիշերը և ոչ ցերեկը: Նա զգում էր, որ իրեն շրջապատողներր, թեև ոչինչ չէին ասում աշկարա, բայց ծածուկ, իրանց մեջ, դատապարտում էին նրան։