Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/544

Այս էջը սրբագրված է

հասակումն էիք․ չէ՞ որ դուք էլ եք սիրել։ Ուրեմն եղեք մեր պաշտպանը…

Թագավորը դարձյալ մի խոր հայացք գցեց Պերիտայի վրա և սկսեց քթի տակ մրմնջալ․— «Նո՛ւյն աչքերն են, նույն բերանը… նո՛ւյն վեհությունը հասակի և շարժմունքի… սա չի կարող մի տեսակ բնության խաղ լինել»… Նայեց, նայեց, հետո երեսը ձեռքով ծածկեց և ասաց․

— Գնա՛նք, ես հանձն եմ առնում ձեր փաստաբանը լինել… Գնա՛նք հորդ մոտ։

10

Լեոնտը հաստատ մնաց իր խոսքին։ Նա պաշտպանեց Ֆլորիզելին ու Պերիտային և նրանց չգցեց Պոլիքսենի ձեռքը։ Նա մտածում էր դրանց մճճված խնդիրն այնպես լուծել, որից ամենքն էլ բավական մնան և մեծ հաճույք զգան։ Նա առաջուց զգացել էր արդեն և հետո էլ ստուգել գործի հանգամանքը։ Հիմա, երբ երկոքին հայրերը մեկ տեղ էին եկել, նա կանչել տվավ հովիվներին, որ նրանք պատմեն բոլոր եղելությունը Պերիտայի ծագման մասին։

Ծերունի հովիվը թագավորի առջև բաց արավ հետը բերած ծրարը և այնտեղից հանեց թագուհու արքայական պատմուճանը, գոհարազարդ թանկագին մանյակը, Անտիգոնի նամակները։ Այս բոլորը բավական ապացույց էին և համոզեցին Լեոնտին, որ Պերիտան իր հարազատ աղջիկն է, թեև նրա սիրտը վկայել էր նախքան այդ ապացույցների տեսնելը։

Հովիվները պատմեցին, թե ինչպես տեսան նավի խորտակումը իրանց աչքով, Անտիգոնի արջակուր լինելը։ Այստեղ հովվի որդին ցույց տվավ Անտիգոնի թաշկինակը և մատանին, որ իսկույն ճանաչեց տիկին Պաուլինան։

Էլ ո՞վ կամ ի՞նչ լեզու կարող է պատմել թագավորների հոգեկան վիճակը այդ տեսարանից հետո։ Նրանք մնացել էին լուռ, անշարժ, սառած, փետացած, երկար ժամանակ ուշքի չէին գալիս, խոսք չէին գտնում միմյանց ասելու, նայում էին իրար երեսի ապուշ կտրած, որպես թե հենց այս րոպեիս լսած լինեին, որ մի նոր աշխարհ է ստեղծագործվել կամ