Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/545

Այս էջը սրբագրված է

Եղածը կործանվել։ Վերջապես ուշքի եկան, գրկախառնվեցին և երկար ժամանակ մնացին իրար սղմած և հորդ արտասուք թափելիս։ Վերջը ուրախության և տխրության արցունքը թափվում էր ամենի աչքերից։ էեոնտը գոչում էր աղիողորմ ձայնով․- о՛, Հերմիո՚նա, Պերիտան քո աղջի՛կն է… մեկ վեր կաց տես և ուրախացիր մեզ հետ… Թագավորի հուզմունքը մի քիչ խաղաղվելուց հետո միայն նա կարողացավ փոխ առ փոխ գգվել իր աղջկանը և փեսացվին որին սիրել էր արդեն առաջին հայացքից։ Ներողություն խնդրեց Պոլիքսենից, շնորհակալություն հայտնեց ծերունի հովվին և նրա որդուն որոնց հենց նույն օրը տոհմական ազնվականների կարգը ձգել տվավ և պարգևատրեց հարուստ ընծաներով և պալատականների ճոխ հագուստով…

Տիկին Պաուլինայի ուրախությունն ու տխրությունը իրար էին խառնվել․ նա թե՛ խնդում և թե՛ լաց էր լինում։ Տխուր էր ամուսնու դժբախտ վախճանի համար, և ուրախ էր, որ կատարվեց վերջապես պատգամախոսի գուշակությունը, թե՝ «կորածը կգտնվի»։ Նա գիրկն առավ Պերիտային և այնպես պինդ պահեց, ինչպես թուխսն իր ձագին, երբ գիշատիչ թռչունից պաշտպանում է նրան։

Պերիտան, որ մինչև այսօր ոչինչ չգիտեր իր իսկական անցյալի մասին, իսկ հիմա, որ իմացավ, թագուհի մայր է ունեցել և նա էլ այնպիսի դժբախտ վախճան է ունեցել, գրկեց հորը և արտասուքով խնդրեց, որ ցույց տա մորը, նրա պատկերր կամ գերեզմանը, որ իր արտասուքովը ողողե նրան…

Այստեղ միջահատեց նրան տկմյնվիկին Պաուլինան և ասաց. — Թող չխռովի ձեր սիրտը… ես ցույց կտամ նրան ձեզ թե՛ մեռած և թե՛ կենդանի, որովհետև ես շինել եմ տվել նրա արձանը այնքան հրաշալի, որ ոչ մեկդ կարող չեք ասել, որ նա մի անշունչ մարմարիոն է և ոչ թե միս ու արյուն ունեցող մի կենդանի անձնավորություն։ Արձանագործն է երևելի արվեստագետ իտալացի Ջոլլիո Ռոմանոն, որ շատ տարի է աշխատել դրա վրա և երեկ է միայն վերջին ներկը քսել ու գնացել։ Գնանք բոլորդ էլ ինձ մոտ և ինքներդ տեսեք, թե ինչ հրաշք է ստեղծագործել արվեստագետը։ Եվ գնացին ամենքր…