Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/61

Այս էջը հաստատված է

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Բացվել է գարունը, ջրերը պղտորվել,
Սար ու ձոր կանաչել, ծաղկով զարդարվել·
Ծիծեռը գտել է իր բույնը հերվան,
Շինում է, կարկատում, գնում նոր ձվան.
Պաղ օձը տաքցել է, թողել է իր բույն,
Սոխակը մնում է վարդի բացվելուն·
Գուգարաց աշխարհը նոր կյանք է առել,
Լոքի ու Լալվարի ձյուները հալվել·
Գետակը Բողնիքի վաղ արշալուսին
Հորդացած վշշում է փրփուրն երեսին.
Անտառում Ուփրեթը ամրոցն Արամյան,
Զուգվել է, զարդարվել նոր հարսի նման.
Բուրգերից խնդության արցունք է հոսում,
Կարծես թե սիրարժան հյուրի է սպասում։
Ամրոցի տիրուհին՝ չքնաղ ՀԱՅԿԱՆՈՒՇ,
Դեռ փափուկ անկողնում քնած է մուշ֊մուշ.
Տեսնում է երազում մի մարդ աժդահա,
Մի գերան ուսին դրած՝ գալիս է ահա.
Գալիս է աժդահան ընկնում ոտքերը,
Ասում է՝ «Հա′յկանուշ, դու′ ես իմ սերը.
«Կա′մ ինձ այս գերանով զարկիր, սպանիր,
«Եվ կա՛մ իմ խնդիրքըս լսիր, ընդունիր»։