Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/63

Այս էջը հաստատված է

Թե փակած դռնովը ներս գալ կարենա,
Այդ նշան կըլինի, որ քաջ Տորքն է նա»։

Իրավ որ քաջ Տորքն էր երազի հսկան,
Ե՛կ գնանք, ընթերցող, և բերենք նրան։



ԵՐԳ ԱՌԱՋԻՆ
Ա


Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք֊Անգեղ անվամբ մի մարդ էր կենում։
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կասես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լուսով.
Սև–սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա։
Տգեղ էր դեմքը և այնքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ։

Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ,
Եղունգով փորում պես֊պես նկարներ։
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյութազնական,
Առյուծ ու վագր նրան տեսնելիս՝
Սովոր շան նման մոտն էին գալիս.