Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/67

Այս էջը հաստատված է

Թե՛ ծեր, թե՛ մանուկ, թե՛ աղջիկ, թե՛ կին,
Եկան տեսնելու նորեկ հսկային:
Երբ Տորքը մտավ մեծ մայրաքաղաք,
Նրան կարծեցին շարժուն աշտարակ.
Իրավ՝ նա ցած չէր աշտարակներից,
Բուրգ էր նա՝ շինված անտաշ քարերից:
Ծառն ուսին դրած գավազանի պես,
Քայլեր էր անում չորս կանգուն ու կես:
Այսպես նա հասավ մինչև ապարանք,
Արքայի վըրա ազդեց մեծ զարմանք.
Վայր դրավ բեռը, բարձրացավ վերև,
Ծնկաչոք ընկավ արքայի առջև։
Թագավորն ասաց, «Ապրի՛ս, ապրի՛ս, Տորք,
Դու չես մի հատ մարդ, այլ մի ամբողջ զորք»:
Արքայի ծունկը Տորքը համբուրեց,
Արքան էլ նրա ուսին ձեռք դըրեց։

Դ



Լսել էր արքան, որ հսկա մարդիկ
Չեն լինում խելոք և ոչ էլ ճարպիկ,
Բայց երբ Տորքի հետ լավ ծանոթացավ,
Նա այս կողմանե մի նոր գյուտ արավ։
Տորքին նա պահեց մոտ երեք ամիս,
Հետն էր նստեցնում միշտ ճաշ ուտելիս.
— Ինչպե՞ս ես կարծում, մեկ օր հարցրեց,—
(Հսկայի խելքը նա փորձել ուզեց)։
Ո՞րն է գերազանց, ո՞ւժը, թե՞ խելքը».
— «Երկուսն էլ լավ են»,— ասաց քաջ Տորքը,
«Փոքրիկ ուժի մեջ չի լինիլ մեծ խելք,
Ոչ էլ ուժեղը կըլինի անխելք
Բայց ի՞նչ է խելքը,— ոչ ոք չըգիտե,
Անխելքի համար խելոքն անմիտ է:
Ուրիշ է խելքը գլխապահության,
եվ ուրիշ՝ խելքը հափշտակության.
Այդ ամենքն ունին՝ թե մարդ, թե զազան,