Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/68

Այս էջը հաստատված է

Թե խելոք լինի, թե անմիտ անբան։
Բայց կա մի այլ խելք, խելք դյուցազնական,
Որ հնարում է, ստեղծում է բան,
Որ մեզ տանում է միշտ դեպի բարին
Եվ մոտեցնում արարչի գահին,
Որ բանեցնում է օդին ու ջրին,
Ծառայեցնում կրակին, հողին,
Շինում է գութան, կամն ու ճախարակ,
Հերկում, մշակում դաշտ ու ագարակ.
Որ քարին, փայտին տալիս է նոր ձև.
Նոր գործադրություն, և այն հարատև.
Այս է ճշմարիտ խելքն իմ կարծիքով,
Մարդը գազանից վեհ է միայն սրանով»...
Զարմացավ արքան, այլև հիացավ,
Երբ հսկա Տորքից այս բանն իմացավ։

Ե



Մեկ օր էլ արքան տեսավ մեր Տորքին՝
Մեկ բլրաչափ ժայռ բռնել է ձեռքին,
Ահագին ժայռը շուռ–մուռ է տալիս,
Կարծես երեխա լինի խաղցնելիս.
Ժայռը ճեղքում էր Տորքը ձեռքերով,
Փորում, փորփըրում սուր եղունգներով.
Փորեց, փորփըրեց, տաշեց, տաշտըշեց,
Վերջն արքայի պես մի արձան շինեց,
Եվ ինչքա՜ն նման, ինչքա՜ն գեղեցիկ,
Շորն այնպես կարել չէր կարող դերձիկ.
Արքա՜ն կատարյալ,— ծիրանի հագած,
Բոլոր զարդերով զուգված, զարդարված,
Գահի վրա բազմած, թագը դրած գլխին,
Թուրը քարշ արած, գավազան ձեռքին,
Փառահեղ մըրքով, մարգարտով հյուսած,
Երբ տեսավ արքան, մնաց հիացած։