Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/73

Այս էջը հաստատված է

Կռիվ են գնում — ինչպես հարսանիք.
Քարեր ու նետեր կարկըտի Նման
Թափում են կռվող թշնամու վրան.
Իսկ երբ քար ու նետ չունին ձեռներին,
Դիմում են իրանց ուժեղ կռներին.
Մեկը հարյուրին, տասը՝ հազարին,
Ջարդում են, ինչպես գայլը՝ ոչխարին»։
— «Եթե այդպես է, ազատ թողեցեք,
Այդ հսկաներից էլ հարկ մի՛ առնեք,
Բայց «մե՛կ պայմանով»,— ասում է արքան,
Որ մեր քաջ Տորքին մի հարսնացու տան»։
— «Այդ շատ դժվար է, — ասաց իշխանը, —
Թեև կատարեն քո խիստ հրամանը,
Նրանց մեջ առանց մենամարտելու
Սովորույթ չըկա աղջիկ ուզելու.
Մրցել են տալիս փեսացուներին,
Որ աղջիկն ընկնի վերջին հաղթողին.
Բայց գործը դրանով դեռ չի վերջանում,
Հետո աղջիկն ու տղան են մրցում.
Եթե փեսացուն չի հաղթում աղջկան,
Էլ այն աղջիկը չի գնում նրան»։
— «Ուղիղ մեր Տորքի երազի նման,—
Ասաց խնդալով մեծազոր արքան,—
Մենք էլ կուղարկենք մեր հսկա Տորքին,
Թող գնա փորձե իր ուժն ահագին»...

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ



Ա



Այստեղ, ո՛վ դու Սեր, ո՛վ հին բարեկամ,
Տո՛ւր հոգուս թռիչք, որ ես կարենամ
Նկարել չքնաղ պատկերդ երկնային
Իմ թույլ վրձինով՝ գրչով մարդկային։
ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ, և ՏՈ՜ՐՔ,— ի՜նչ նմանություն,