Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/78

Այս էջը հաստատված է

Շատ է ցանկանում, որ հյուր գա իրան,
Թեկուզ երազում տեսած աժդահան։
Բերդի դռները բախում են ահա,
Եվ այդ բախուն է մի մարդ աժդահա․
Բախում է բախում, բայց չեն բաց անում,
Կարծես նրա հետ մի խաղ են խաղում.
–Սո՜ւսս, ձայն չըհանեք, դուռը չըբանաք,
Ասաց տիրուհին, բայց... ա՜ յ ձեզ հանաք․
Երկաթե դուռը հսկան խորտակեց,
Ինչպես գելի թուղթ նրան ծալծլեց.
Եվ վեր բարձրացավ քարե սանդուղքով,
Ինչպես մի մանուկ մորիցը խըռով,
Կամ ինչպես աղքատ քաղցած ու տկլոր,
Սանդուղքի գլխին նստեց գլխակոր.
Աղախինները երբ Տորքին տեսան,
Սաստիկ վախեցած՝ փախան ներս մտան։
— Ինչո՞ւ եք վախում, ասաց տիրուհին,
Պետք է հրավիրել նորեկ հսկային։
Եվ ինքը գնաց Տորքին մոտեցավ,
Եվ իբր ինքն իրան՝ այսպես խոսեցավ.
«Ո՛վ պետք է լինի արդյոք այս հսկան»,
Սա չէ աժդահակ Տորքը Պասքամյան․
էլ ուրիշ ինչ մարդ կաներ հանդգնել
իմ բերդի դուռը այսպես խորտակել։
Տորքն էլ ըսկսեց, իբրև ինքն իրան,
Տալ Հայկանուշին այսպես պատասխան․
«Երբ ճանաչում եք Անգեղյա Տորքին,
Դուռն ինչո՜ւ փակեց նրա երեսին.
Սա մի խաղ խաղալ միայն ուզեցավ,
Եվ հետևանքն էլ այն էր, որ տեսավ.
Տորքն ահա կերթա, դուռը կըշտկե,
Ինչպես առաջ էր, այնպես կըկողպե»։
Եվ Տորքը գնաց դուռը լավ կոփեց,
Սուը եղունգներով հղկեց ու կոկեց.
Ժանգոտած դուռը այնպես պըլպլաց,
Կարծես արծաթից լիներ նոր ձուլած: