Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/83

Այս էջը հաստատված է

Բ

«Երբ վայելեցի այսքան աղ ու հաց»,
Մեր Տորքն ինքն իրան այնպես մտմտաց,
«էլ ինչպե՜ս կարամ սրանց հետ կռվել,
Մեկի կամ մյուսի մի մազին դիպչել.
Թող Հայկանուշը այլ բան պահանջե,
Եվ ոչ իմ եղբարց արյունը ուզե.
Ինչ որ կարող է մարդ անել սիրով,
Նույնն անել կարող չէ նա իր ուժով։
Թող ուժը լինի մարդուս օգնական,
Բայց սերը լինի միշտ գործածական.
Այս մարդիկն ահա անխարդախ սիրով
Ինձ կաշկանդեցին սուրբ աղ ու հացով»։


Գ

Չորս օրից հետո Տորքը բացվեցավ,
Հսկաների հետ այսպես խոսեցավ,—
— Սիրելի եդբայրք, չորս օր է անցել,
Բայց դուք իմ մասին բան չեք իմացել,
Թե ի՞նչ պատճառով, ի՞նչից ստիպված,
Ես թափառում եմ սար ու ձոր ընկած:
Դուք ինձ ցույց տվիք սեր, ուրախություն,
Քաջերին վայել հյուրասիրություն.
Աստված շեն պահե ձեր տուն ու տեղը,
Հաստատ պահե ձեր սերունդն ու ցեղը.
Ձեզ մոտ եկել եմ ես մի խնդիրքով,
Պատմեմ ահա ձեզ մի քանի խոսքով,
Ուփրեթ բերդումը,— տեղյակ կլինիք,—
Կենում է մենակ մի սիրուն աղջիկ,
Նրան ընտրել եմ ես ինձ հարսնացու,
Ուզում եմ առնել առանց կռվելու.
Եկել եմ հիմա ձեր ոտքն ընկել,
Ձեր օգնությանն ու խորհրդին դիմել: