Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/84

Այս էջը հաստատված է

Կա՛մ ինձ մորթեցեք, թաղեցեք այստեղ,
Կա՛մ եկեք գնանք ինձ հետ միատեղ,
Որ առանց կռվի առնենք մի աղջիկ,
Խաղաղ ու սիրով կատարենք հարսնիք։
Լռեց մեր հսկան, խոսեց ծերունին.
— Տղերք,— ասաց նա մյուս հսկաներին. —
Հին հեքիաթներում լսած կըլինիք,
Երբ մարդուկները ուզում են աղջիկ,
Եվ այն աղջըկան փախցնում են դևեր,
Տանում մութ աշխարհ կամ մթին ձորեր,
Մարդուկն այնտեղից հանում է նրան,
Եվ դառնում նրա քաջագործ փեսան։
Մի մեծ պարծանք է, երբ թզուկ մարդիկ
Ուժով ու կռվով առնում են աղջիկ.
Բայց ի՞նչ պարծանք է, որ զորեղ հսկան
Իր ուժը ցույց տա ապագա կնկան.
Դրա հակառակ՝ եթե ցույց տար սեր,
Այդ ճշմարիտ որ պարծանք կըլիներ։
Ես շատ հավան եմ մեր հյուրի մտքին,
Այսպե՜ս է վայել վեհանձն հսկային։
Մեր Հայկանուշը չէ՛ մութ աշխարհում,
Եվ ոչ գերի է դևերի ձեռքում.
Նա ինքնագլուխ, անկախ, ինքնիշխան,
Կենում է բերդումն իր հայրենական.
Գնացեք ուրեմն քաղցրությամբ, սիրով,
Ուրախ ու զվարթ, երգով ու պարով,
Առաջարկեցեք համառ աղջըկան,
Որ տեղիք չըտա մենամարտության։
Ես էլ ձեր հետքից խոնջացած ոտքով
Կըգամ օրհնելու պսակն իմ ձեռքով.
Թողեք ձեզ հետ գան տղերք, աղջըկերք,
Որ այնտեղ սարքեն գեղեցիկ պարերգ:
Լռեց ծերունին, քարայրը թնդաց.
Գնա՜նք, հա՛յ գնանք,— ամեն ձայն գոռաց.
— Ես համաձայն չեմ,— գոչեց մի հսկա,
Որ թիկն էր տված մի ժայռի վըրա,—