Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/85

Այս էջը հաստատված է

Հայկանուշն ունի քսան փեսացու,
Մինը մեկէլից զորեղ, ահարկու.
Այդ գազանները գլուխ վեր առած,
Միշտ թափառում են սար ու ձոր ընկած.
Ծոբոփորցիք են, անխելք ու անբան,
Մարդավարության չունին հետք, նշան.
Ինչպե՞ս հասկացնենք այդ անմիտներին,
Որ քար չըգցեն երեխաներին.
Ես հաստատ գիտեմ, որ առանց կռվիլ
Անհնարին է, ոչինչ չի լինիլ: —
— «Դուք ի՛նձ պահ տվեք երեխաները,—
Պատասխանում է բարեսիրտ ծերը,—
Ես կըպահպանեմ սրանց անվնաս,
Ոչ մեկի գլխից չի պակսիլ մի մազ.
Մենք այսօր կերթանք բերդը կըմտնենք,
Իսկ դուք վաղն եկեք, մենք ձեզ կըսպասենք.
Եթե հավան եք դուք իմ .ասածին,
էլ մի՛ արգելեք երեխաներին»։
Ժիր երեխերքը այս որ լսեցին,
Ալևոր պապի վզին փարվեցին.
 «Պապի, մեզ ունինք շատ նետ ու աղեղ,
Կուզե՞ս զորք կազմենք շատ քաջ ու ահեղ։
Խնդաց ծերունին, ինքն էլ մանկացավ,
Անզենք փոքրերին մի֊մի զենք տվավ,
Որին նետաղեղ, որին պարսատիկ,
Որին մի կոպալ գլուխը հաստիկ,
Որին մի դաշույն, որին մի նիզակ,
Մեկին մի ձողի, մյուսին մի մահակ.
Իսկ նըվագածու երգեցիկ աղջկունք
Վերցրին իրանց հետ փող, սրինգ, թմբուկ,
Երեխերքն այսպես մի զորք կազմեցին,
Եվ իրանց պապին շրջապատեցին.
«Հա՜պա, ե՜րեխերք, մի՛ հառաջ, մի' ետ,
Կանչեց ծերունին իբրև զորապետ.
Խնդացին բոլոր հսկայքն ահավոր,
Երբ տեսան մանկանց բանակ զորավոր։