Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/87

Այս էջը հաստատված է

Թող սրանք կռվեն, իսկ մենք կընայենք,
Եվ վերջինի հետ հաշիվ կըտեսնենք։
―«Հիմա թողեք ինձ,— ասաց ծերունին,
Որ հասկացնեմ մեր այս քաջերին
Ուղիղ կանոնը մենամարտության,
Որ արգելք չըլնին մեր ուրախության.
Եվ հասկացրեց, որ վիճակ ձըգեն,
Վիճակն ում ընկնի, նախ նրանք մրցեն:
Փողեր հնչեցին, թմթուկներ զարկին,
Եվ ըմբիշներին աշխույժի բերին.
Իսկ Հայկանուշը պատշգամբի վրա
Նստած է իբրև մրցման առարկա.
Երբ նայում են նրան փեսացուները,
Կրկնապատկվում է նրանց ուժերը:
Ահա երկուքը ասպարեզ մտան,
Կռվարար ցուլի ու գոմշի նման.
Պըտտեցին երկար, մինչև վերջապես,
Իրար ճանկեցին երկու արջի պես.
Մինը մեկէլից խիզախ, համարձակ.
Թնդաց գետինը նրանց ոտքի տակ.
Մերթ բարձրանում են, մերթ գետնին քսվում:
Մերթ գոմշի նման գլուխ գլխի զարկում.
Չոքում ու կանգնում, վայր ընկնում կրկին.
Ոչ մեկի մեջքը չի խփվում գետնին.
Ամբողջ երեք ժամ այսպես կռվեցան,
Եվ հետըզհետե ավելի տաքցան.
Իրար միս բռնած առյուծի ճանկով,
Գջրլտում էին ինչպես աքցանով։
Վերջն ինչպես եղավ՝ մեկը սայթաքեց,
Մեկէլը նրան հաղթած համարեց.
Բայց ընկած հսկան վեր թռավ կրկին
եվ նորից բռնեց իր ախոյանին,
Բռնեց, բարձրացրեց, և այնպես զարկեց,
Որ մեկ թզաչափ գետնի մեջ թաղեց։
եվ նա հաղթվեցավ, հաղթվեցավ իսպառ,
Մեռածի նման մեկնվեց շնչասպառ․