Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/88

Այս էջը հաստատված է

«Ապրի՛ս, քա՜ջ, ապրի՛ս»— հյուրերն ասացին,
Եվ հաղթող ըմբշին գովաբանեցին.
Բայց մյուսներին էլ նա պիտի հաղթեր,
Որ նպատակին հասած համարվեր.
Եվ հեշտ չէր հաղթել բոլոր քսանին,
Նա հազիվ հաղթեց միայն երեքին.
Հինգերորդ հսկան չորս հոգու հաղթեց,
Իսկ տասներորդը տասնին վայր ձգեց.
Անունն Ավագ էր, ամենից զորեղ,
Սա պիտի հաղթեր և Տորքին ահեղ։

Ե



Տորքը վեր կոչեց Ավագ հսկային,
Եվ նստեցրեց նրան իր կողքին.
«Դո՛ւ եղար հաղթող,— ասաց մեր հսկան։ —
Քեզ արժանի է պարգև պատվական.
Բայց դարձյալ մեկին դու պիտի հաղթես,
Որ մրցանակը լրիվ վաստակես.
Եթե դու ինձ հետ կռվել չուզենաս,
Դարձյալ մեր այս տան փեսա կըդառնամ:
Այս աղջիկներից մեկը քեզ կըտամ,
Եվ քեզ հետ սիրով եղբայր կըդառնամ»:
— Իսկ Հայկանուշին դու ինքըդ կառնես.
Եվ խաղ ու պարով հարսանիք կանես.
Ես համաձայն չեմ. կըկռվենք մեկտեղ,
Թեկուզ դու լինիս ինձանից զորեղ.
Թող Հայկանուշի համար ես մեռնիմ,
Բայց ոչ ուրիշի ամուսին լինեմ.
Կամ պետք է հաղթել և կամ թե մեռնել,
Հաղթահարություն չեմ կարող տանել»։—
— Հոգնած ես այսօր, դեռ հանգստացիր,
Ու ինձ հետ փոքր ինչ մոտ ծանոթացիր,
Եվ այնուհետև երբ որ ուղարկես,
Ինձ միշտ հրամանիդ պատրաստ կունենաս։ —
— Շատ լավ պայման է,— ասաց ծեր հսկան,—