Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/89

Այս էջը հաստատված է

Ձեր մրցությունը կըթողնենք վաղվան»։ —
Ծեր հսկայի խոսքն ըմբիշն ընդունեց,
Եվ իսկույն մի ճոխ սեղան պատրաստվեց,
Կանչեցին և մյուս աժդահաներին,
Որ հացկերույթին մասնակից լինին.
Կերան, կշտացան և զվարթացան,
Հոգնածություններն իսպառ մոռացան։

          Ջ

Ճաշելուց հետո ծերունի հսկան
Կանչեց ամենին մարմնամարզության.
Խաղեր խաղացին, խաղեր զվարճալի,
Բայց հսկայական և շատ ահռելի,
Այս խաղերի մեջ մեր Տորք աժդահան
Չուներ ախոյան հավասար իրան.
Ուժ էր ցույց տալիս նա այնքան ահեղ,
Որ բոլոր հսկայք չունեին մեկտեղ.
Գնդա՛կ էր ձեռքին, թե լա՛խտ ահագին,
Կաշկանդե՛լ էր պետք, թե հրե՛լ մեկին.
Ցատկելո՛ւ խաղ էր, թե վա՛զ մի ոտքով,—
Տորքն էր միշտ հաղթում, իսկ նրան՝ ոչով։
Երբ ուզում էին գնդակը խլել,
Թափվում էին վրան քսանից ավել.
Որը թիկունքին, որն ուսին նստում,
Մի քանի հոգի ոտքերից բռնում,
Բայց հսկան այսպես փղի պես բարձված,
Վազում էր ինչպես ճանճահար եղած։
Իբրև կարգադրիչ հսկա ծերունին
Խաղից հեռացրեց Անգեղ հսկային,
— Եկ ինձ մոտ նստիր,— ասաց խնդալով,—
Դու խանգարում ես սրանց քո խաղով։
Տորքը հեռացավ, խաղն էլ վերջացավ,
Բայց իսկույն մի նոր հանդես սարքվեցավ։
Ծերունին արդեն տվել էր պատվեր,
Որ մեջտեղ բերեն կաղնու թարմ ոստեր.