Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/97

Այս էջը հաստատված է

Քյորօղլին ամենից շատ վնաս էր հասցնում Իրան աշխարհին։ Այդ ատելությունը ժառանգական էր, հորից որդուն անցած։ Բայց Քյորօղլուն ժամանակակից Իրանի թագավորը մի վեհանձն մարդ էր։ Նա երբ որ լսում էր Քյորօղլու քաջությունը, մտքումն ասում էր. «Եթե ես թագավոր չլինեի, ամենայն ուրախությամբ Քյորօղլու քաջերից մեկը կդառնայի, նրա պես ազատ կյանք կվարեի»։ Այս պատճառով նա ահագին զորքով (մոտ երեսուն հազար հոգուց բաղկացած) ուղարկեց իր ամենից փորձառու զորապետին— Բոլի֊բեգ անունով և պատվիրեց նրան, որ Քյորօղլուն կալանավորե, պաշարելով այն բերդը, ուր որ նա կլինի։ Սպանելու հրաման չտվավ, ընդհակառակը, ասաց, որ եթե Քյորօղլուն սպանես, քեզ կախաղան կբարձրացնեմ. եթե քաջ ես, նրան պետք է բերես ինձ մոտ ողջ առողջ։

Իրանի թագավորը չէր ուզում զրկվել Քյորօղլու պես մի անվանի հերոսից, և ուզում էր նրան իր մոտ տանել և նրանով հաղթել իր արտաքին թշնամիներին։ Բոլի֊բեգը նախ պիտի աշխատեր զանազան խոստումներով Քյորօղլուն հրավիրել շահի մոտ, իսկ եթե այդ չհաջողեր, միայն այն ժամանակ պիտի գործ դներ իր ահագին բանակի ուժը։

Քյորօղլին այդ ժամանակ գտնվում էր մեր երկրումը, որ Իրանի իշխանության տակն էր։ Երբ էր այդ ժամանակը հայտնի չէ, և ոչ էլ տեղն է հայտնի որոշակի։

Թագավորի մտադրությունը Քյորօղլու մասին թեպետ անկեղծ էր, նա անշուշտ մեծ պատվի կհասցներ Քյորօղլուն,