Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/99

Այս էջը հաստատված է

Հասեք, շուտով հասեք,
Մի լուր հասցրրեք,
Ասացեք՝ եկել են դեղնած բոստանչիք,
Արխաջրով փորերն ուռած թուլուղչիք,
Սուր չը տեսած, թանից փախած փինաչիք,
Եկեք այս խեղճերին առողջացըրեք.
Հասեք, շուտով հասեք,
Մի լուր հասցըրեք։
Չեն ճանաչում արծիվն ագռավի շորում, .
Չորս կողմից ծաղրում են ու կտցահարում,
Քյորօղլուն բռնելու թակարդ են լարում,
Եկեք սրանց գլխում մի խելք մտցըրեք.
Հասեք, շուտով հասեք,
Մի լուր հասցըրեք։


Քյորօղլու խաղի միտքը լավ հասկացան նրա բարեկամ լրտեսները և շտապեցին լուր տանելու նրա քաջերին։ Բայց Հոլի֊բեգն ևս կասկածի եկավ, թե սա ինքը չէ՞ արդյոք Քյորօղլին, և հարցրեց.

— Աշըղ, այդ խաղը ե՞րբ է ասել Քյորօղլին։

Քյորօղլին պատասխանեց.

— Մի՞թե քեզ հայտնի չէ, խան, որ փադիշահը քանիցս անգամ ուզեցել է կալանավորել Քյորօղլուն. մեկ անգամ էլ Բոլի֊բեդին է ուղարկում մեծ զորքով։ Քյորօղլին աշըղի հագուստով պատահմամբ ընկնում է նրա բանակը, ուր և ասում է այս խաղը, որով իմաց է տալիս իր քաջերին, թե ուր է ընկել ինքը, և նրանք էլ գալիս են ազատում։

— Այդ Բոլի֊բեգը չի լինում, աշըղ, այլ գուցե Վելի-բեգը լինի եղած։ Բայց դու այս ասա, ինչո՞վ ես հաստատում, որ դու ինքդ չես Քյորօղլին, որովհետև ինքդ քեզ մատնում ես, խոստովանելով, որ Քյորօղլին երբեմն ծպտելով՝ աշըղություն էր անում։

— Խա՛ն, հենց այդպես էլ հարցրել է Բոլին, և տեսեք՝ Քյօղլին ինչ է պատասխանել.

Ինչով ուզես, Բոլի, ես երդում կուտեմ,
Որ ես մի խեղճ հայ եմ և ոչ Քյորօղլին.
Երկինք, գետինք, աստված վկա կըկանչեմ,
Որ ես մի խեղճ հայ եմ և ոչ Քյորօղլին.