Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/101

Այս էջը հաստատված է

անգրագետ լիներ: Շուտով զգացին փոստատուն և հեռագրատուն ունենալու պահանջը, որովհետև հիմա ամենքն էլ նամակ էին գրում, լրագիր էին ստանում։ Տեղական վարչությունը` գավառապետ և նահանգապետ՝ այնքան հավանեցին այս գյուղացիներին, որ բոլոր գյուղերում հորդորում էին նրանց օրինակին հետևել։ Սրանց խնդիրն անկատար չէր կարելի թողնել. տվին և՛ փոստատուն, և՛ հեռագրատուն, պրիստավին էլ տեղափոխեցին այնտեղ։ Գյուղն արդեն առաջուց հոգացել էր, ոո բոլոր պաշտոնատները և պաշտոնյաները մասնավոր տներ չվարձեն, այլ գյուղի սեփական տներում բնակին ու վարձը գյուղին վճարեն։ Հարկ չկա ասելու, որ այս գյուղերումը աչքի ընկնող աղքատներ և չքավորներ չկային, կարոտյալները միշտ օգնություն էին ստանում հասարակական դրամարկղից, ո՛րը իբրև օգնություն, ո՛րը անտոկոս, և՛ որը թեթև տոկոսով, նայած նրանց չքավորության աստիճանին։ Իսկ անգործ մնալն արգելված էր, ամեն ոք պետք է իր գործին երթար, իր հողի մշակությունովը պարապեր։

Հասարակության առաջադիմության ճանապարհը հարթված էր. նա առաջ էր գնում առանց խոչ ու խութի հանդիպելու։ Երբ մի ճանապարհ այնպես հարթված լինի, որ ոչ դար ու փոս ունենա, ոչ ցեխ, ոչ զառիվեր ու զառիվայր, այնտեղ մի ձիով էլ կարելի է շատ գործ տեսնել. էլ գոմեշներ լծելու հարկ չի լինիլ։ Համայնքի բարոյական և նյութական առաջադիմությունը նրա ուղիղ մտածելուցն է կախված։ «Առածն ասում է. Եթե մեղու ունենամ, մեղրս Մեղրիից կգա»։ Հասարակությունն սկսեց ոչ միայն մեղու ունենալ և մեղվաբուծություն, այլև շերամապահություն, կաթնատնտեսություն, գինեգործություն և առհասարակ օրինավոր հողագործություն և գյուղական տնտեսություն, բոլորն էլ ընկերական և խմբական ուժերով, որոնց մասնակցում էր ամբողջ գյուղը։ Մասնավոր դրամատերն այդտեղ նվաճումներ անելու ասպարեզ չուներ։

Պրիստավի գալուց հետո՝ այդտեղ տեղափոխվեց և հաշտարար դատարանը։ Գյուղը նրան էլ տվավ հարկավոր շինությունները։ Դրանից երկու տարի անցնելուց հետո՝ գյուղը կատարեց ուսումնարանի քսանամյակի տոնախմբությունը փառավոր խնջույքով, ուր հրավիրված էին և քաղաքից ու հեռավոր