Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/102

Այս էջը հաստատված է

գյուղերից պատվավոր հյուրեր։ Այդտեղ ճառախոսություններ շատ եղան՝ մեկը մյուսից ազդու։ Հաշտարար դատավորն իր ճառի մեջ ասաց. «Ահա երկու տարի է, որ ես տեղափոխվել եմ այստեղ. այս գյուղի ոչ մի անդամից ոչ մի գանգատ չի մտել իմ դատարանը։ Այս ի՞նչ է նշանակում, մտածում էի ես. գուցե սրանք խոսք մեկ են արել, որ ինձ չդիմեն, գուցե պրիստավին են դիմում կամ շինական դատարանին և նրանցով էլ վերջ են տալիս իրանց վեճերին։ Սկսեցի հարց ու փորձ անել, տեսա որ այսպես բան չկա։ Ձեզ հայտնի է, որ ներկայից միշտ ծերունիներն են լինում դժգոհ, միշտ նրանք են գանգատվում, որ անցյալը լավ էր, քան թե ներկան։ Բայց տեսեք ի՞նչ ասաց ինձ մի ծերունի։ — Պարոն, ասաց, ներեցեք համարձակությանս, ձեր հետաքրքրությանը բավականություն տալու համար ես պետք է ասեմ, որ այժմ մեր գյուղումը, աստծո ողորմությամբ «մեռոն կեփվի»։ Մենք ոչ մի խոշոր վեճի առիթ չունինք, իսկ մանր վեճերն ու թյուրիմացությունները մենք ինքներս ենք վերջացնում մեր մեջ։ Մեր գյուղը հիմա, փառք աստծո, շատ լավ է, կեսին էլ չենք արժանի։ Հիմա մեր քահանան ամբողջ ժողովրդին մի անգամից է թողություն տալիս հաղորդելու ժամանակ. գիտե, որ ոչ ոք առանձին և ծածուկ բան չունի. այդպեսներ եթե լինին, իր հետ կտեսնվին առանձին։ Աստուծո ողորմությունն ու հովանավորությունը այժմ մեր տեղի վրա է»։

Աչքի ընկավ, մանավանդ, տանուտերի վիճակագրությունը քսան տարվա ընթացքում, թե որպիսի աճելություն է եղել, որպիսի փոփոխություն և որպիսի զարգացում տնտեսական այս և այն ճյուղի մեջ։ Այս վիճակագրությունից երևաց, որ այստեղ բարեկեցիկ ապրելու կատարյալ գիտակցություն կա. մարդիկը գիտակցաբար են ապրում և առաջ գնում և ոչ կուրորեն։ Ի միջի այլոց նա ցույց տվավ, որ գյուղը քսան տարի առաջ միջին թվով ունեցել է յուրաքանչյուր տասը հոգու համար մեկ տուն, իսկ այժմ յուրաքանչյուր երեք հոգուն մի տուն է ընկնում։ Առաջ ունեցել է 150 տուն և 1500 հոգի, իսկ այժմ՝ որդին պսակվեց թե չէ՝ պետք է բաժանվի հորից և իր գլուխի հոգսն ինքը քաշե, սկզբնական օգնություն ստանալով հորից։ Աոաջ մի տան մեջ եղած քսան հոգուց հազիվ տասն էին աշխատում,