Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/106

Այս էջը հաստատված է

բայց ընդհանուր սեփականության պահպանելը, խնամելը, զորացնելը ընդհանուրիս օգուտն է։ Սրանից չեն փախչիլ ոչ հարուստը և ոչ աղքատը, ոչ մեծը և ոչ փոքրը: Ո՞վ կուզենա իր Նախնյաց ժառանգական հատկություններից զուրկ մի ապուշ լինել, չունենալ ոչ կրոն, ոչ լեզու և ոչ ծննդարան։ Կրոնից ծնունդ է առնում եկեղեցին, որ ունենում է իր համայնական հաստատությունները,— դպրանոց, հիվանդանոց, աղքատանոց և զանազան բարեգործական և կրթական հաստատություններ։ Լեզվից ծնունդ է առնում գիրն ու գրականությունը, որ նույնպես դառնում է ընդհանուրի սեփականություն։ Ծնունդ են առնում պարբերական հրատարակություններ, որոնք ծառայում են հասարակության և ազգի ընդհանուր շահերին, առաջնորդում են դեպի լավը, դեպի կատարյալը։ Արդ՝ եթե մենք գիտակցաբար վերաբերվենք դեպի մեր կրոնն ու լեզուն, կարելի՞ բան է որ մեր եկեղեցին պայծառ չլինի, չունենա արդյունաբեր հաստատություններ, չունենա իրանց պաշտոնին հարմարավոր սպասավորներ։ Կարելի՞ բան է, որ գրականությունը խեղճություն քաշե, գրողի կեցությունն ապահովված չլինի: Ամեն ոք, ինչ որ անում է, ապրելու համար է անում, թեկուզ ուրիշին ապրեցնելու հարմար լինի անելիս։ Երբ գրողն իր գրչից ապրուստ չի գտնում, նա մի այլ պաշտոնի է դիմում։ Լավ վարձատրությունը լավ մշակների թիվը կշատացնե, իսկ անվարձ մշակությունից վատ մշակներն էլ կփախչեն։ Ոչ մի ասպարեզ կյանքի մեջ այնքան փշոտ չէ, որքան գրական ասպարեզը՝ գրական կոչում ունեցողի համար։ Այդ ասպարեզում կռվողը կռվում է իր նյարդերովը, իր ուղեղովը, որի հետ կատակ անել չի լինում։ Հարկավոր է խնամք, հոգատարություն, թարմություն, նոր ուժ' մտավոր կռիվը շարունակելու համար։

Եկեղեցի, դպրոց, գրականություն, թատրոն և զանազան բարեգործական հաստատություններ՝ ընդհանուր սեփականություն լինելով՝ ընդհանուր էլ օժանդակություն են պահանջում։ Ընդհանուր օժանդակություն պահանջող հաստատությունները պետք է նյութական արդյունք բերող ընդհանուր էլ հաստատություններ ունենան։

Լեզվից և կրոնից հետո գալիս է ծննդարանը, որ րնդհանուր հայրենիքի մի կտորն է։ Այստեղ է երևում ահա ամեն մի