Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/130

Այս էջը հաստատված է

ներկայում և նույն հույսը, որ ունի ապագայի վերաբերությամբ: Բանաստեղծը ժողովրդի լեզուն է. նրա սրտի հայտարարն ու թարգմանը։ Վերջապես բանաստեղծը ժողովրդի ծնունդն է և ոչ ժողովուրդը բանաստեղծի:

Բանաստեղծության վրա այս տեսակետից նայած՝ պ. Հովհաննիսյանի ոտանավորները ճշմարիտ բանաստեղծության դրոշմ են կրում իրանց վրա: Այս կա միայն, որ օտար հողի վրա, ուր «աղջիկն էլ է օտար, հավատն էլ, օտար և լեզուն», բուն ազգային բանաստեղծություն աճել և զարգանալ կարող չէ, այլ կվերջանա մի քանի թախծալից հառաչանքով և ավազով, որով կհետաքրքրվի միայն «Օտարուհին» և կհարցնե՝ «Հե՞ր ես լալիս»։ Այլ բան կլինի, եթե պ. Հովհաննիսյանը կընտրե յուր նկարագրած «Երկու ճանապարհներից» դժվարագույնը։ Ահա թե ինչ է ասում ինքը բանաստեղծը այդ ճանապարհների մասին և որպիսի դրության մեջ է զգում ինքն իրան։

Նայում եմ առաջ — երկու ճանապարհ
Բաց է իմ դիմաց. մեկը տանում է
Շքեղ, բախտավոր, նվիրական աշխարհ
Քնքուշ զգացմունքի, ուր միշտ ծաղկում է
Գարունը սիրո երկնքից օրհնած
Այնտեղ անթառամ վարդի պսակներ,
Երջանիկ օրեր սիրով զարդարված
Եվ վայելչության անձկալի ժամեր
Աշխատավորի վաստակած գլխին
Պիտի պարգևեն հանգիստ խնդագին։


Մյուսն անապատ ինձ դուրս է հանում,
Որ կարոտում է մշակող բազկի
Այստեղ պերճափառ վարդ չէ բուսանում. —
Միայն տատասկը և փուշը վայրի.
Եվ կյանքը մեռած և օդը խեղդող,
Սրտացավ խնամք, եթե այդ լիներ,
Միշտ երախտամոռ հոգուց ոտնակոխ.
Չէ ժպտում արև, սևաթույր ամպեր
Գոռ փոթորիկ են երկրին գուշակում։ —
Եվ ես կանգնած եմ և խոր մտածում,
Ո՞ւր իմ անհաստատ քայլերս ուղղեմ,
Արդյոք երկուսից ես ո՞րը ընտրեմ։