Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/131

Այս էջը հաստատված է

Այնտեղ, ըզգում եմ, փարթամ, երջանիկ
Գըլորվելու են իմ կյանքի օրեր.
Աչագեղ կույսը հայացք չքնաղիկ
Պարգևում է ինձ, և սըրբանվեր
Նոճիների տակ պիտ գըլուխս հանգչի
Նորա մարմարիոն կուրծքին նազելի,
Եվ պիտի գտնեմ այն վառ աչերում
Եվ դրախտավայել մի վայելչություն...


Այստեղ ականջս փայփայելու չէ
Կանաչ պուրակում թռչնոց մեղեդին,
Ոչ պիտի տեսնեմ սըփռոց թավիշե
Ես անուշաբույր ծաղկոտ մարգերին,
Ո՛չ. արյուն-արցունք, լքյալ հառաչանք,
Անտեր ամբոխի անվերջ տառապանք,
Արդար քրտինքով մշակած գետին
Ավարի մատնած—ահա՛ իմ բաժին:


Բայց այնտեղ կյանքը չունի նպատակ
Բացի անձնական բարօրությունից,
Իսկ այստեղ գործի ասպարեզ արձակ,
Ազնիվ և վսեմ, թեև փըշալից: —
Եվ ես կանգնած եմ և խոր մտածում...
Կյա՛նք, ինձ երկուսից ո՞րն ես պատրաստում:


Պատասխան։ Կյանքն արդեն պատրաստել է երկուսն էլ, մեզ հարկավոր է միայն ընտրել, իսկ այդ ընտրությունը կախումն ունի մեր բնական կոչումից։ Բնական կոչումն այնպիսի մի բան է, որից փախուստ տալը դժվարին է, եթե չասենք անհնարին։ Հոնանը փախավ, մինչև անգամ ծովը նետվեցավ, երեք օր և երեք գիշեր ձկան փորումը մնաց, բայց դարձյալ չկարողացավ փախչիլ այնտեղից, ուր նրան հրամայված էր գնալ։ Վիշապը չկարողացավ մարսել Եհովայի մարգարեին, և նրան դուրս ժայթքեց ցամաք...

Երբ որ Հերքյուլեսին յուր հայրը դուրս էր արել տանից, և նա սար ու ձոր ընկած թափառում էր, վերջը կանգ առավ մի «երկճյուղ» ճանապարհի վրա, և մինչդեռ մտածում էր, թե ո՛ր ճանապարհն ընտրեր, նրա առջև դուրս եկան երկու դիցուհիք — մինն «աչագեղ մի կույս չքնաղ հայացքով» սիրակարոտ երիտասարդին հաճելի և գրավիչ շարժմունքով, իսկ