Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/133

Այս էջը հաստատված է

չկարողացան։ Թող Մասյաց Մուսաները զորավիգն լինին նրան և թև տան՝ թռցնեն մինչև հայկական Պառնասի գագաթը և մի ընդարձակ հորիզոն բաց անեն նրա բանաստեղծական հանճարի համար։ Շնորհավորում ենք առ ի սրտե մատաղ բանաստեղծի առաջին գրական փորձերը և ցանկանում ենք ամենայն հաջողություն։

1887

ՊԱՐՈՆ Գ. Ե.-ԻՆ

.

Կարդացի Ձեր գրվածքը «Արձագանք» շաբաթաթերթի 45-րդ համարի մեջ։ Եթե քննադատողը յուր քննադատած ամեն մի գրքի հեղինակի կամ նրա պաշտպանների և երկրպագուների հետ սկսե բանակռվել, նա էլ ժամանակ չի ունենալ յուր սկսած ավելի օգտակար գործը շարունակելու։ Դուք կարդացած կլինիք «Բրուտի շունը» «Արձագանքի» մեջ, գուցե և Հ. Տերվիշյանի պատասխանը, որ իմ քննադատության մեջ անկրոնություն է տեսնում. իսկ դուք էլ կրոնականություն եք տեսնում և անարժան ու հանդուգն էք համարում։ Այսպես է մեր մեջ քննադատողի վիճակը, թեև այդ քննադատողը ձեր ասելով մի դյուզ մարդ լինի և դյուզ խոսող։ Ես ասել եմ, որ բանաստեղծը յուր ժողովրդի և ժամանակի ծնունդն է: Իմ ասածը մի բացարձակ և հավիտենական ճշմարտություն է։ Սորա մեջ, են ամփոփված թե՛ Հոմերոս, թե՛ Շեքսպիր, թե Լուտեր և թե՛ բոլոր ձեր հիշած մարդիկը։ Բայց որ դուք իմ ասածի մեջ տկլոր ռեալիզմ եք գտնում և ոչ շքեղազարդ իդեալիզմ, այդ նրանից է, որ դուք մոռացել եք ձեր միտը բերել, որ աշխարհիս երեսին առանց իդեալի ժողովուրդ չկա, և ազգ ազգից, հասարակություն հասարակությունից և դասակարգ դասակարգից տարբերվում է յուր իդեալով։

Պարոն Հովհաննիսյանի բանաստեղծությունների մասին ես ուրիշ ոճով և ուրիշ մտքով եմ գրել, որ դուք չեք ուզեցել հասկանալ և խծբծել ու աղավաղել եք իմ ասածներս, թե գիտությամբ և թե անգիտությամբ: