Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/137

Այս էջը հաստատված է

եթե այդ լիներ, էլ ոչ հարստահարություն կլիներ, ոչ չքավորություն և ոչ մի այլ տեսակ թշվառություն։

Մեր ժողովրդի մեջ, ինչպես և առհասարակ ամեն մի բարբարոս ժողովրդի մեջ, ամենքն են ճնշված և ամենքն են ճնշող,— հզորը տկարին, ունևորը չունևորին, խելոքն անխելքին, և յուրաքանչյուրը յուր չափով, ով ինչքան որ կարող է, ով ում որ կարող է։ Մարդին դուրսը ծեծում են իրանից զորեղները, նա էլ գնում է յուր կնկանն է ծեծում, կնիկն յուր վրեժը յուր որդուցն է հանում, որդին էլ յուր փոքրիկ քրոջն է ծեծում, քույրն էլ կատվի կամ հավի ձագին է ծեծում, կամ յուր տիկնիկին։ Տերտերն յուր մոնթերին է ծեծում, մոնթերը միմյանց, ո՛վ ո՛ւմը կարող է։

Եթե այսպես չլիներ, բուն մարդավայել հարաբերությունը առաքինության շարքը չէր ընկնիլ, ինչպես են օրինակ՝ եղբայրասիրություն, պատվապահություն, ողորմածություն, գթություն և այլ այսպիսիք, որոնք բարբարոս երկրներում կարգե դուրս բաներ են համարվում և մեծ առաքինություն։ Այն հասարակ մարդավայել վարվեցողությունը, որ մի լուսավորյալ երկրի հետին ռամիկն ունի ըստ սովորության ձեռք բերած, բարբարոս երկրի ամենից խելացի համարվածը չունի և կարող չէ ունենալ։

Ինչ որ ասացինք ծեծելու և ծեծվելու մասին, նույն և մի երևույթը նույնատեսակ վերաբերում է և հարստահարության։ Հայրը հարստահարում է յուր զավակներին, հայրական գութ ու խնամք չունի նրանց վրա, նրանց կրթության, դաստիարակության վրա հոգ չի տանում։ Հոր համար մայրը մի դրամագլուխ է, իսկ զավակները՝ նրա տոկոսիքը, հայրը կուլ է տալիս երկուսին էլ։ Մայրը հոր աղախինն է, իսկ որդիքը՝ նրա ստրուկները, մայրը՝ հոր քածն է, իսկ որդիքը նրա լակոտները։ Հենց այս աղտեղի բառերն էլ գործ են ածում ամեն մի բարբարոս ընտանիքի մեջ։ Հորն էլ հարստահարում է կալվածատերը, կամ նա, ումից որ կախումն ունի անմիջապես։ Նրան հարստահարում է և՛ վաշխառուն, և՛ տանուտերը, և՛ գզիրը, և՛ յուր դրացին, և՛ յուր եղբայրը։ Բեգին էլ հարստահարում է իրանից մեծը, այդ մեծին էլ իրանից մեծը, մինչև