Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/138

Այս էջը հաստատված է

ծայրը հասնում է ամենամեծին, որ նույնպես ազատ չէ հարստահարվելուց։

Էլ հարկավոր չեմ համարում շարունակել։ Մի անգամ դուք ձեր տեսածը (եթե միայն տեսած եք մի բարբարոս աշխարհ, մի բարբարոս գյուղ, մի բարբարոս ընտանիք), ներկայացրեք ձեզ ճշտությամբ, և այնուհետև ամեն ինչ բոլոր մանրամասնությամբ կպատկերանա ձեր առջև և դուք կտեսնեք, որ այդ բարբարոսության մեջ ևս մի կանոն, մի օրենք, մի ներդաշնակություն կա, ինչպես մի խժական լեզու, որ այսուամենայնիվ յուր մաթեմատիկական ճիշտ կանոններն ունի։ Զուռնան պիանո չէ, բայց նա էլ յուր ներդաշնակությունն ունի դնգլբազի հետ։ Ընտանիքի մեջ ծեծ, ուսումնարանում փալախա, դատարանում քթատել և ընչատել... մեկը մյուսին կարժե։ մեկը մյուսին շատ հարմար է, մեկը մյուսից կախում ունի, մեկը մյուսի հետևանքն է և իրար հետ կցված մի բարբարոսական ներդաշնակություն են կազմում...

Այս ընդհանուր ներդաշնակությունը խանգարվում է միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը մի վիճակից ուզում է անցնել դեպի առավել լավը։ Այս ձգտումը կարող է լինել ներքին և բնական, կարող է լինել և արտաքին, արհեստական։ Ներքին ձգտմամբ ավելի արագ է փոխվում ժողովուրդը, քան թե արտաքին, բայց երկոքին դեպքումն ևս այդ անցողական վիճակի մեջ խանգարվում է վերոհիշյալ ներդաշնակությունը։ Այդ անցողական վիճակը նմանում է քնարի լարելուն, որ մի ճնկճնկոց է, մի փորձ է ներդաշնակություն ձգելու թելերի մեջ՝ մի նոր եղանակ ածելու համար։ Այդ ճնկճնկոցի մեջ աններդաշնակությունը կատարյալ է. թելերից մեկը թույլ է, մյուսը կտրվում է, երրորդը հարկավոր ձայնը չի հանում. թելերի մեջ թվի կողմանե պակասություն է նշմարվում, ածել ուզեցողը քաջահմուտ չէ յուր գործին, և այլն, և այլն։

Մի այսպիսի վիճակի մեջ ենք այսօր։ Ուզում ենք դրսից մի նոր եղանակ ածել, բայց թելերի մեջ ներդաշնակություն ձգել չենք կարողանում և ոչ էլ գիտենք, թե ինչ եղանակ պիտի ածենք, որ ժողովուրդը մեզ լսե և ըստ այնմ պար գա կամ երգե։ Մեր այս ջանքը մասամբ նման է Կռիլովի «Կվարտետին»։ Ասում եմ մասամբ, որովհետև մենք նրա երաժիշտների չափ