Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/139

Այս էջը հաստատված է

անպետք չենք, և առանձին–առանձին առած՝ շատ պետքական ենք, միայն միասին գործելու ոչ սովորություն և ոչ ձգտում ունինք։ Միակ բանը, որ մեզ գործողներիս, առաջնորդողներիս, դաստիարակներիս պակաս է, որ չկա նաև ժողովրդի մեջ, այդ համայնական ոգին է, այդ ընկերական ոգին է, հասարակական ոգին է:

Խմբովին ապրելը դեռ համայնականության նշան չէ, ինչպես որ հայրենիքում ծառի պես բսած մնալը, գազանի պես որջ մտած լինելը, փափախից, տրեխից չզրկվիլը հայրենասիրության և կրոնասիրության նշան չէ։ Խմբովին և անփոփոխ մնում են նաև մեր թարաքյամաները, մեր սիրելի եղբայրք վրացիքը, նույնիսկ քրդերը, բոշաները և շատ անասուններ, գազաններ և միջատներ։ Դրանք խմբովին ապրելով հանդերձ, իրար միս են ուտում, իրար ջնջում են։ Դրանց մեջ չկա փոխադարձ օգնություն, փոխադարձ պահպանություն, փոխադարձ սեր, միություն, մի խոսքով՝ չունին ընկերական, համայնական ոգի։

Իսկ մենք՝ հայերս մասնավոր առմամբ կարող ենք չհամայնականության մի կատարյալ տիպար համարվիլ։ Մեր դրացի ազգերի մեջ չհամայնականությունը մանկական է, անգիտակցաբար է, անմեղ է, կուսական է, իսկ մեր մեջ՝ գիտակցաբար է, դիվական է. մեզնից ամեն մեկը մի առանձին հակումն ունի, մի առանձին ձգտումն ունի չհամայնական լինելու։ Մեր արյունը վարակված է այդ զազրելի և թունավոր ախտով ոչ միայն մեր քաղաքներում և գյուղերում չկա համայնական — ընկերական ոգի, այլև ոչ իսկ մեր եկեղեցու մեջ, մեր վանական ուխտի մեջ, մեր միաբանության մեջ, մեր նվիրապետության մեջ, մեր շատ թե քիչ լուսավորյալ «ընկերությանց» մեջ։

Այս է ահա մեր ամենամեծ ցավը, այս է մեր ժառանգական ախտը։ Եվ մեր բոլոր թշվառությունը այս միակ ախտի հետևանքն է և ոչ տգիտության, բայց բժշկել կարելի է միայն գիտությամբ, մանավանդ հիմնավոր տնտեսական գիտությամբ և կրոնական կրթությամբ։ Այն՝ որ կիսագրագետ և կոպիտ գերմանացու համար արդեն մի բնավորություն է, այն՝ որ անուս մալականի համար մի ընտելմունք է, այն՝ որ մի գրագիտության թշնամի դուխոբոռի համար մի ունակություն է,— այդ