Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/14

Այս էջը հաստատված է

վայելել իրանց սեփական արդյունքը — երբե՛ք։ Դեռ պետք է նախ և առաջ այդ մասին մի տնօրենություն անե «Արարատի» խմբագիրը, որին անշուշտ հայտնի է, թե ո՛ւր են գնում այդ փողերը, և նա պիտի խրատե գյուղացոց, թե ինչ պետք է անել նոցա։ Բայց իրան, այդ խմբագրին ո՞վ պիտի խրատե արդյոք, թե ի՞նչ կնշանակե խմբագիր լինել. ո՞վ պիտի հասկացնե դորան, թե խմբագրությունն ևս մի արվեստ է և շատ դժվար արվեստ, որ պետք է ամեն մի խմբագիր մանրամասնաբար ուսանի։ Մենք թեև խղճում ենք «Արարատի» խմբագրին, բայց չենք կարող նորան խմբագրություն ուսուցանել մի կարճ հոդվածով, միայն ապացուցանելու համար՝ թե հիրավի խմբագրությունն ևս մի արվեստ է՝ կարոտ ուսումնասիրության· մի անցք կպատմենք մեր գրականական հիշողությունից, որ հետևյալն է.


Մի պոլսեցի հայ երիտասարդ թափառում էր Եվրոպայում, իբր թե ուսանելու համար, բայց իսկապես հնարք էր փնտրում՝ հեշտությամբ ու շուտով հարստանալու։

Տեսնում է, որ այնտեղ ամենից շուտ լրագրապետերն են հարստանում, մտադրվում է շուտով հայրենիք վերադառնալ և ձեռք զարկել մի հայ լրագրի հրատարակության։ Այս գյուտի տեսական մասը միայն գտնելով, մտածում է սորա իրագործության ձևերի գյուտն ևս անել, և այդ նպատակով դիմում է այս և այն մասնագետ խմբագրին և նորանից կարևոր խորհուրդներ է ստանում։ Բայց միայն դոցա խորհրդից չբավականանալով, դառնում է մի հռչակավոր դերձակի, որին ավելի ճաշակագետ է համարում, ու նորան էլ է խորհուրդ հարցնում։

— Նախքան ձեզ խորհուրդ տալս՝ կարևոր եմ համարում մի քանի հարց առաջարկել ձեզ,— ասում է դերձակը։

— Հրամայեցեք,— խնդրում է հայը։

Եվրոպացին հարցնում է.

— Ձեր երկրի հիմարն է շա՞տ, թե՝ իմաստունը։

— Կարող եմ ասել, որ բոլորն էլ հիմար են,— պատասխանում է հայը։