Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/140

Այս էջը հաստատված է

բնավորությունը, այդ ընտելմունքը, այդ ունակությունը հային կարող ենք տալ միայն մեծ ջանքով և խնամքով, վերամկրտելով նրան խելացի կրթության ջրով, սովորեցնելով մարդավարի ապրելու այբուբենը, որ նա զգա, տեսնի, շոշափե և համոզվի, թե վերջապես իրար տուն քանդելով՝ ոչ մեկի տունը կանգուն չի կարող մնալ, թե հարկավոր է միմյանց տուն շինել, որ ամենքի տներն էլ կանգուն մնան։ Հեշտ չէ այսպիսի մի հատկություն տալը մեր ժողովրդին, վասն զի այլ է եղած հատկությունը զարգացնելը և այլ մի նոր բնավորություն, մի նոր հոգեկան հատկություն տալը. բայց ուրիշ ելք չկա, հիվանդին պետք է բժշկել, թեև գիտենաս, որ նրա ցավն անբուժելի է... Բայց շատ երկարացրի... խնդրում եմ հազար ներողություն...

Շարունակենք թշվառ Տանչոյի արկածները։

Տանչոն ի վերջո դիմում է հարուստ Ապրո էֆենդուն, որ վարձում է նրան ամսական հարյուր ղուրուշով և ուզում է ուղարկել նրան գյուղերը ոչխար գնելու։ Բայց որովհետև Տանչոյին պետք էր բացակայած ժամանակ յուր գերդաստանի կեցությունն ապահովել, խնդրում է աղայից, որ նրան մի ամսականը կանխիկ վճարե։ Խստասիրտ Ապրոն երկար ընդդիմանալուց հետո վերջը տալիս է նրան վաթսունհինգ ղուրուշ, բայց հարյուր ղուրուշի մուրհակ է առնում... Ճանապարհ ընկնելիս հարկահան Նիկոն կտրում է Տանչոյի առաջը և պահանջում է նրանից երկու տարվան ապառիկ մնացած հարկը — երկու հարյուր ղուրուշ։ Աղաչանք, պաղատանք շատ է անում Տանչոն, բայց չի կարողանում ազատվիլ Նիկոյի ձեռքից։ Տանչոյի ձին գրավ են վերցնում։

Այս տեսարանը նկարագրած է հետևյալ կերպով—

«Ձիուն (ձին) վերցրին և տարին յուր բեռնովը միասին, որի մեջ փաթաթված էր երկու չսառած հացը, պանիրը և Տանչոյի միակ շապիկը։

— Կորա՜, բոլորովին կորա՜,— աղաղակեց Տանչոն. այժմ Ապրոն էլ յուր փողերը ետ կպահանջե... ի՞նչ պետք է անեմ, տեր աստված, ի՞նչ պետք է անեմ... ինչո՞վ եմ ես մեղավոր, ինչո՞ւմն է իմ հանցանքը։ Ես անազնիվ չեմ, ես ոչ ոքի չարիք շեմ հասցրել, բայց