Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/147

Այս էջը սրբագրված է

անում և սրա համար էլ քրդերը նրան պաշտում են։ Որ նրա այս գործը մի սուրբ գործ է, այդ ապացուցանում են քավոր Պետրոսի սանիկ՝ մյուս խաչագող—Մուրադը և հերոսների գլխավորը՝ Ասլանը՝ հետևյալ խոսակցությամբ.

«— Մուրադ, սիրելի՜ զավակս,— խոսեց ծերուհին (խաչագող քավոր Պետրոսը), դու դարձյալ գտնում ես ինձ մի պախարակելի դերի մեջ և իրավունք ունիս մտածելու, որ հին խաչագողը, հին չարագործը տակավին չէ ուղղվել... Ա՜խ, եթե գիտենայիր, թե ի՞նչ հանգամանքներ հարկադրեցին ինձ այդ (այս) ամոթալի խարդավանքը հանձն առնել, դու կներեիր ինձ, դու բարի էս, Մուրադ, դու կներեիր ինձ...

— Եվ կսիրեր ձեզ, ավելացրեց Ասլանը։

— Այո', կսիրեի ձեզ... և սիրում եմ... (ասում է մյուս խաչագող Մուրադը)։ Ես այժմ հասկանում եմ բոլորը... ամեն ինչ պարզ է ինձ համար... Ոչինչ բարեգործություն չէր կարող մոռանալ տալ քո տխուր անցյալը... Ոչինչ ապաշխարություն չէր կարող քավել քո հին մեղքերը... Իսկ այժմ բոլորը պետք է սբրած համարել... Այդ անձնազոհությունը, որ դու հանձն ես առել մի մեծ նպատակի համար, կմաքրե քո հին հանցանքները...»:

Այսպես ահա հարգելի հեղինակը ամենայն տեսակ խարդախության մեջ նեխած ու փտած քավոր Պետրոսին ազատել է աքսորանքից և Կայծերի մեջ մի նոր տեսակ խարդախության մեջ գրել և դրանով սրբել նրա անցյալ, ներկա և ապագա մեղքերը։

Եվ այս՝ Կայծերի խոսքով, կնշանակե «Մերկանալ հին մարդը և, իբրև նոր մարդ, նոր հոգվով և նոր եռանդով գործել դեպի ազնիվը և դեպի լավը...»։

Ի՞նչ մարդ է Կարոն և ինչո՞վ է բարձր քավոր Պետրոսից։ Կարոն մի իդեալ է, և այն՝ վարժապետի իդեալ։ Նա մի ուժեղ հսկա է, քաջ զինվոր է, նշանավոր մարզիկ է, երևելի լուղորդ է, հմուտ երկրագործ է, ժիր տնտեսագետ է, բժշկություն էլ է անում, անասնաբույժ էլ է. նա բոլոր այս բաներով պարապում է և սովորեցնում է, ոչ թե մի գյուղում, այլ մի քանի գյուղերում միանգամայն։ Ծառայում է անվարձ. մահճակալ ունի, վրան չի պառկում. մահիճ ունի, գործ չի ածում, պառ-