Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/15

Այս էջը հաստատված է

— Ինչպե՞ս, մի՞թե ոչ մի խելոք մարդ չկա։

— Գուցե լինին մի քանիսը, բայը դժվար թե...

— Շատ լա՛վ։ Այժմ ասացեք ինձ, ի՞նչ է ձեր բուն նպատակը։

— Փող եմ ուզում վաստակել, ես հարստանալ եմ ուզում:

— Եթե այդպես է, ապա լսեցե՛ք։ Մենք եվրոպացիքս ամենայն հնար գործ ենք դնում դուր գալ մեր հաճախորդների ճաշակին և զարգացմանը, ինչ գործում կուզե լինի. սորանից կարող եք եզրակացնել, թե ինչպիսի ընթացք պետք է բռնեք և դուք, աչքի առաջ ունենալով ձեր հաճախորդների բարոյական ու մտավոր զարգացման ստորությունը։ Աշխատեցե՛ք դուր գալ հիմարներին։ Ճշմարիտ է, որ եթե լինին ձեր ազգի մեջ բանիմացներ, նոքա ձեր հիմարական թերթը կարդալով, կզվարճանան և երկրորդ՝ ախորժակի համար, երրորդ՝ աթոռի վերա կդնեն, բայց դոցա հակառակ հիմարները խմբովին նամակներ կգրեն և կխրախուսեն ձեզ։ Չե՞ք լսել միթե այն առակը, որ ասում է. «Հիմարը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարացին հանել»։ Հիմարներն այնպիսի բան կգրեն, որ հազար խելոք չեն կարող պատասխան տալ։ Այսքան ուժեղ են ահա հիմարները, բայց շատ խելոքներ կան, որ մոլորության մեջ խորդալով, ալարում են հավատալ և խոստովանել հիմարների անընկճելի ուժը։

— Պարոն, ես հավատում եմ ձեր ասածներին և անձամբ հավատացած եմ դոցա ճշմարտության մեջ, բայց երկյուղ ունիմ, թե միգուցե չկարողանամ այդ դերը ճարպիկությամբ կատարել և վայր ընկնիմ նույնիսկ հիմարների աչքում...

—Այո՛, այդ գլխավորն է։ Եթե զուրկ եք կարևոր ընդունակությունից, եթե չկարողանաք այնքան ճարպիկ լինիլ, որքան ճարտար ձեռնածուն իր աչքակապության արվեստում, եթե ցույց տաք ձեր ներքին ոչնչությունը, անկանգնելի կերպով վայր կընկնիք նույնիսկ հիմարների աչքում։ Ճարպիկությունը, ինչ գործում կուզե լինի, կգրավի հիմարների ուշադրությունը: Բայց կան և օժանդակ հանգամանքներ· օրինակ՝ հասարակության մեջ բարձր դիրք ունենալը, զանազան տիտղոսները, հարստությունը և այլն։ Կարո՞ղ եմ հարցնել, այս առանձնաշնորհությունների կողմից ինչպե՞ս եք դուք։