Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/16

Այս էջը հաստատված է

— Իմ հայրս ահագին քարվանսարաներ ունի Պոլսո մեջ, իսկ ինքը երևելի բեյ է...

— Հե՜, հե՜, հե՜... դուք կարող եք ուրեմն հիմարների համար կուռք դառնալ և պաշտվիլ նորանցից, դուք կհարկադրվիք ձեր պատկերի տարածման համար առանձին ֆոտոգրաֆիա բանալ, այնքան շատ կլինին նորա ցանկացողները... Այժմ ասացեք, դուք անձամբ ի՞նչ արժանավորություն ունիք»

— Ես դոկտորության աստիճան ունիմ։

— Հո՛, հո՛, հո՛... հավատացեք ինձ, որ դուք կարող եք այսուհետև բաց ճակատով գրական հրապարակ դուրս գալ և աղաղակել բարձրագոչ, թե Նոյից սկսյալ մինչև ձեր օրերը ոչ ոք մի խելոք բան չի ասել, ձեզանով է սկսվում հայոց գրականությունը և ձեզանով էլ պիտի վերջանա. բոլոր հիմարները աչքերը խփած կհավատան ձեր ասածին և տարի չի քաշիլ, դուք անհուն հարստություն կդիզեք։ Դուք ձեր հացը կերել եք. գնացեք, որքան կամիք հիմարություն դուրս տվեք. բոլորն էլ հալած յուղի տեղ կընդունին։ Վերջին խրատ. աջ ու ձախ հարձակվեցեք, սատանի փոթորիկներ բարձրացրեք, պաշտպանողական դիրքի մեջ չմտնեք, ձեր նպատակին հասնելու համար, որքան կարող եք՝ շատ ստեր հնարեցեք, ո՛ր կողմից հաղթություն նշմարեք, հավիտենապես լռեցեք, կամ հայհոյանք թափեցեք, երբ տեսնեք, որ ոչինչ պատասխան չունիք։ Վերջապես էլ ո՞ր մինն ասեմ, մնացածն էլ դուք ինքներդ իմացեք։

— Շատ շնորհակալ եմ, պարոն, կաշխատեմ օգուտ քաղել ձեր տված բարի խորհուրղներից,— ասաց հայն ու դուրս գնաց, մռմռալով մտքումը. «Ես թեև պոլսեցի, բայց Մոսկվայումը ծնված ու սնված լինելով, շատ բան եմ սովորել այնտեղ, հետո Պետերբուրգում կատարելագործվել, բայց այս մարդը, ինչպես երևում է, Լոնդոնումն է կատարելագործել յուր արվեստը, որ այսքան ետ եկած է երևում, դորա տված բոլոր խրատներն ուղիղ են և ինձ շատ պետք կգան մեր հիմար երկրումը, ուր անտառային կոպիտ ավազակներ կան միայն։ Բայց մի բան, ես որ հայերեն լավ չգիտեմ, ինչպե՞ս պիտի հրատարակեմ լրագիրս։ Ինչ եմ ասում, ընդհակառակն, ես իմ լեզվով չափած ու ձևած եմ հիմարների համար, ըստ որում նոքա էլ բոլորովին ինձ պես և ինձ չափ գիտեն հայերեն և այս քիչ պատճառ չէ