Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/17

Այս էջը հաստատված է

նոցա համակրությունը գրավելու, ամենքն էլ կուրախանան, կասեն էլ ի՞նչ հարկավոր է ուսումնարան մտնել կամ վարժապետ վարձել լեզու սովորելու համար, ահա մեր լեզուն էլ պետք եկավ։ Բայց և այնպես կպնդեմ, որ ինձ պես լավ լեզու գիտցող չկա և նույնիսկ ավետարանը իմ լեզվովս կթարգմանեմ, որով բոլորովին ժողովրդական կդառնա իմ լեզուն։ Ի՞նչ հարկավոր է, որ ես հայոց լեզուն սովորեմ, թող նոքա իմ լեզուս սովորեն։ Բայց գրականություն ես չգիտեմ։ Արդյոք հայերեն ի՞նչ կա տպած՝ ես չգիտեմ, ուրեմն և ոչ մի հիմար չգիտե, ուստի կարող եմ ասել, որ իմ լրագրից առաջ ոչինչ չի եղել, և ինչ էլ որ եղել է, չի կարդացվել։ Ծանոթ չեմ ազգային կյանքի հետ և ի՞նչ հարկավոր է։ Որքան հեռու ցույց տամ ինձ այդ կյանքից, այնքան մեծ պատվի կարժանանամ հիմարներից, որպես աղա, իսկ «Աղան որ ձեթ տա, փեշդ դեմ արա», ասում է հիմարների առածը»։

Այդ հայը վերադարձավ յուր հայրենիքը, հեռու փախավ ուսումնական երիտասարդներից և շրջապատեց իրան պարզամիտ գործակիցներով, որոնք սո՜ւրբ, սո՜ւրբ ասելով՝ բարձրացրին նորեկ դոկտորին և դրին իրանց ուսերի վերա, որպես ժրաջան համալներ, և այս կերպով մի լրագիր հրատարակեցին։ Չքաշեց երկու տարի, մեր հողեղեն քերովբեների ուսերը ջարդվեցան, և նոքա վայր գլորեցին իրանց չաստվածին, որի կործանումը մեծ եղավ և անկանգնելի։ Բարոյական սնանկության մեջը ընկավ նորեկ ճարպիկ լրագրապետը և հազիվ ազատեց յուր գլուխը ծայրահեղ խայտառակությունից և գնաց բողոքելու յուր ճարպիկ խրատատուին։

— Հը՞, ինչպես է հառաջ գնում գործդ,— հարցրեց ճաշակագետ դերձակը։

— Պարո՛ն, դուք ինձ սխալացրիք բոլորովին,— պատասխանեց հայը, շնչարգելվելով ու կակազելով…

— Ինշպե՞ ս։

— Ես ձեր խորհրդին հետևելով, բոլորովին սնանկացա և հազիվ կարողացա մի ճանապարհի ծախք ձեռք ձգելով՝ այստեղ հասնել։

— Մի՞թե այդպես... գիտե՞ք, պարոն, ես, որպես դերձակ, այն ասացի, ինչ որ ես ինքս եմ անում իմ հաճախորդների