Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/198

Այս էջը սրբագրված է

Այդ երգերից ամենից գլխավորը և ընդհանրացածը բայաթիս է։Կան երգեր, որ միայն աշուղները գիտեն, կան որ գիտեն և ասում են նաև աշուղ շեղողները, բայց բայաթին ամենքը գիտեն, և՛ մեծերը, և փոքրերը, և' կանայք, և տղամարդիկ։ Հայաթով են հայտնում իրանց վիշտը — դառը վիճակը, կսկիծը, հոգսը. բայաթով են հայտնում իրանց սերը, փափագը, կարոտը. բայաթով են հայտնում իրանց բողոքը, տրտունջը, անբավականությունը. բայաթով սգում են իրանց մեռելի վրա, և վերջապես բայաթով արտահայտում են ամեն տեսակ միտք և զգացմունք։

Բայաթու ոտանավորը միշտ չորս ոտն է ունենում։ Գլխավոր միտքն ու ասելիքը վերջին երկու ոտքումն է լինում պարունակված, իսկ առաջին երկու ոտքի մեջ միտք չի լինում, դրանք ծառայում են չորրորդ ոտքին իբրև օժանդակ հանգի համար և ընկնում են ձայնարկությունների կարգը։ Առաջին, երկրորդ և չորրորդ տողերը միևնույն բառովն են վերջանում։ Այդ բառը առաջին տողում անորոշ է լինում, իսկ երկրորդ և չորրորդ տողերում ջոկ-ջոկ նշանակություն է ստանում։ Այս է պատճառը, որ բայաթին սովորաբար թուրքերեն են ասում, որովհետև թուրքերենում շատ են այն բառերը, որոնք երկու և ավելի նշանակություն ունին, իսկ հայերենում այնքան չկան։ Բայց շատ անգամ էլ այս կանոնին չեն հետևում և բայաթին հորինում են վիճակի երգի ձևով։ Օրինակի համար բերենք մի քանի բայաթի, որ մենք թարգմանել ենք, որը փոխադրել և որը նմանությամբ և հետևողությամբ գրել։

1. Իմ սիրելին ջուր ածեց,
Ամանումը ջուր ածեց,
Սրտիս եղ քսելու տեղ՝
Գլխիս սառը ջուր ածեց։

2․Կանչում եմ, ա՜խ, վեր կալավ,
Վեր չըդրավ, վեր կացավ.
Ես թզենի բուսցրի,
Բայց նա տատասկ վեր կալավ,

3․Ա՜խ թաղն ընկտվ իմ ձեռը,
Տան թաղն ընկավ իմ ձեռը.