Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/204

Այս էջը հաստատված է

խրախճան կարող էին ունենալ նրանք առանց տիրող մեծերի մասնակցության։ Այստեղ էլ ահա հարկավոր է եղել զվարճացնել օտարին նրա լեզվով։ Շատ հավանական է, որ այսպես լինին եղած մեր աշըղները նույնիսկ հին պարսից տիրապետության ժամանակ։ Այդ ժամանակ էլ մեր աշըղները իրանց վեպերը կհորինեին պարսից լեզվով։ Եվ ով գիտե թե պարսից հին վեպերի մեծ մասը Գողթան երգիչների հորինածները չեն։ Հայոց բարբառները իրանց քերականությամբ նման են թուրքերենին և երկուքն էլ ենթարկված են պարսկական տիրող լեզվին։ Հայ ժողովրդի համար և առավել ևս նրա երգիչների, ոչինչ դժվարություն չի եղել թուրքերենին հմտանալ և խոսել նույն լեզվով։ Նույնիսկ այս րոպեիս շատ գյուղեր կան, որոնք շատ հեռու են թուրքերից, բայց շատ լավ խոսում են թուրքերեն։ Այդ լեզուն կարծես հայի համար օտար չլինի։ Այդպես չէ ռուսերենը, որ բավական ջարդ ու փշուր է լինում անգրագետ ժողովրդի բերանում։ Ասելս այն է, որ թարքերեն երգելու մի պատճառն էլ այդ լեզվի հեշտությունն է հայի համար, քանի որ երկու լեզվի մեջ էլ մտածելու ձև ու եղանակը միևնույն է։

Պետք չէ ուրեմն մոռացության տալ մեր ժողովրդի մեջ եղած բանավոր երգերն ու վեպերր միայն նրա համար, որ թուրքերեն են ասված։ Երազի պես միտս է, որ մանկությանս ժամանակ Աշըղ-Բանգին մի երկար նաղըլ էր ասում բազմաթիվ երգերով շարունակ երեք գիշեր։ Այդ նաղլը շատ նման էր վրացոց «Վեփխիս Տղաօսանի» վեպին։ Նրա էլ հերոսը Տարիելի նման ծով ու ցամաք ման էր գալիս կորցրած սիրուհու հետևից և վերջը գտնում էր նրան քաջերի աշխարհում։ Եթե այս վեպերը հավաքվեին վաղօրոք, որովհետև եվրոպական լուսավորության հոսանքը արդեն դրանց կորցնելու վրա է, ով գիտե, ի՞նչ հին հիշատակների հետքեր պիտի գտնվին դրանց մեջ։ Մի՞թե վատ կլիներ մեզ համար, եթե այսօր ձեռքի տակ ունենայինք մեր նախնյաց հին մատենագրությունը, այն մատենագրությունը, որ հայերեն գրերից առաջ գրվում էր օտար գրերով և օտար լեզվով, պարսկերեն և ասորերեն։ Սրա համար մենք մեղադրում ենք մեր նախնյաց անհոգությունը և թուլամտությունը, բայց ահավասիկ մենք էլ նրանց պես ենք