Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/206

Այս էջը հաստատված է

երևակայելու եղանակը, չափը, միևնույն է, թե ուսումնասիրել մի ազգություն։ Այն հատկությունները, որ ազգի մեջ ցրված են զանազան անհատների վրա, այն հատկությունները, որոնք ազգի մեջ կան, բայը աչքի չեն ընկնում, բոլոր այդ նշմարելի և աննշմարելի հատկություններով օժտված կարող է լինել հանճարը։ Հանճարը իր ազգի և իր ժամանակի հարազատ ծնունդն է։ Այսպիսի մի հանճար էր Մեսրոպը, այսպիսի մի հանճար էր և Խորենացին։ Մեկը գիր տվավ ազգին, մյուսը գրականություն. մեկը հոգի փչեց ազգի մեջ, մյուսը այդ հոգվովը կենդանություն տվավ ազգի կազմվածքին՝ գցելով նրան պատմական ազգերի շարքը… ազգին սովորեցրեց ինքնաճանաչություն։ Մեծ են երկուքն էլ հավասարապես և հայոց ազգի փառք ու պարծանքի ամենից վեհ կոթողներն են, որովհետև դրանք կատարեցին այն մեծ գործը, որին փափագում էր ազգը թե բնազդմամբ և թե գիտակցաբար։

Ահա այս մեծ մարդու, այս ուսումնական, գիտնական, իմաստուն, փիլիսոփա, քերթող և քերթողահայր տիտղոսներով զարդարված մարդու գործն է այն Հայոց պատմությունը, որ այժմ հայր Խորենը գրաբարից աշխարհաբարի վերածելով՝ մատչելի է կացուցել ամեն հայ գրագետի համար, մատչելի է կացուցել ամեն հայի իր ազգի պատմությունը, իր ազգային կտակարանը։ Վաղուց է, որ բոլոր եվրոպական մեծ ազգերը թարգմանած ունին Խորենացին, բայց մեզանից ոչ ոք չէր վստահանում նույնը թարգմանել և մեզ համար։ Եթե եվրոպացոց համար այդ գիրքը միայն պատմական և ուսումնական նշանակություն ունի, մեզ համար բացի դրանից ունի և բաբոյակրթական նշանակություն։

Բայց, զարմանալի՛ բան․ այս պատմությունը որ ամբողջ ազգին է վերաբերում, ազգից ոչ ոք նրա տպագրության համար հոգ չի տարել։ Հայր Խորենի հառաջաբանից երևումն է որ մեկը խոստացած է եղել տպագրության ծախքը վճարել, բայց վախճանվելով խոստումը մնացել է անկատար։ Մենք զարմանում ենք։ Հայր Խորենը, որ բարենպատակ գործի համար փող ժողովելում շատ քաջ է, ինչպե՞ս է եղել, որ այդ բանումը հաջողություն չի ունեցել․ երևի այդպես է մեր պատմահոր բախտը, որ այժմ անդրադարձել է իր թարգմանչի