Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/214

Այս էջը սրբագրված է

Մարդուս հանհարի և տաղանդի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներումը փնտրել:

Եթե ես գիտենայի, թե որպիսի հեքիաթների լսելով է զարգացել Շեքսպիրի, Սերվանտեսի, Գյոթեի, Շիլլերի, Կոլումբի և սրանց նմանների երևակայությունը, ես նույն հեքիաթները կտայի և իմ ընթերցող սիրելի մանուկներին, թեկուզ նրանց լսած հեքիաթները լինեին ավելի ևս ահռելի և զարհուրելի։

Էլ ի՜նչ Հերքուլլես, եթե նրա սպանած վիշապը պետք է մի հասարակ օձ լինի և ոչ մի հիդրա բազմագլուխ, որ երբ մի գլուխը կտրեն, մյուսը տեղը բռնի։ Եթե այդ վիշապը զարհուրելի է, որքան առավել հիանալի ( Հերքուլլեսի սիրտը, նրա անվեհերությունը, նրա քաջությունը, նրա հնարագիտությունը: Էլ ի՞նչ Հերքուլլես, եթե նա էլ այնպես պիտի մեռներ, ինչպես հասարակ մահկանացուք, և ոչ այնպիսի տանջանքներով, որ մարդուս երևակայած բոլոր տանջանքներից վեր լիներ։ Ուրեմն ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նա և վնասակար է։ Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ: Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, իստերիքական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակում։

Մանուկներո չեն վախենում, երբ իրանց ծնողաց մոտն են կամ եթե ունին որևէ պաշտպան, թեկուզ մեկ շուն։ Հեքիաթներում մանուկները գտնվում են հերոսների պաշտպանության տակ։ Եթե մեկը ճանապարհորդում է Հերքուլլես ի հետ, էլ ինչ վիշապից կամ հրեշից կարող է վախենալ. եթե մեկը նստած է Պեգասի վրա, էլ ի՞նչ երկյուղ կարող է ունենալ որևէեռագլխյան Քիմեռից։

Առայժմ, իբրև առ ձեռն և շտապով պատասխանած՝ այսքանը բավական ենք համարում, խորհուրդ տալով, որ ոչ միայն փոքրերը կարդան իմ հեքիաթները, այլև մեծերը, որոնք, հուսով եմ, շատ շնորհակալ կմնան ինձանից։

1890