Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/218

Այս էջը սրբագրված է

զում, իսկ շարժուն և առաջադեմ գրողին փոփոխամիտ անվանում։ Ահա այսպիսի մի տիտղոս են հատկացրել ինձ անշարժության հերոսները։

Փոփոխամտություն... Ուրեմն շարժունությունը մեզանում փոփոխամտություն է համարվում։ Եթե ես մի դասագիրք եմ հորինում և տարիների ընթացքում նորանոր հոդվածներով ճոխացնում, թույլերը հանում և լավերը մտցնում, հաստատ մնալով հիմնական գաղափարի վրա, իմ այս արարմունքը փոփոխութ քուն է, ժամանակի հետ առաջ գնալ է, հաստատամտություն է և. ոչ փոփոխամտություն։ Եթե մենք իբրև բանասեր միևնույն միտքն ենք քարոզում, այսօր տաքին չենք փչում, վաղը հովին,— ահա այս պետք է ունենալ ի նկատի մարդու հաստատամտությունը որոշելու համար, և ոչ այն, որ այսօր այսինչ մարդու հետ էր բարեկամ, վաղը՝ այնինչ, այսօր այսինչ թերթումն էր գրում, վաղը՝ այնինչ, այսօր այսինչ տեղ էր ուսուցիչ, վաղը՝ այնինչ։ Գնում ես մի քաղաք ուսուցչության, հենց որ տեսնում են թե իրանց ուզած քարոզը չես տալիս, այլ ուրիշ, քեզ հալածում են։ Այստեղ ի՞նչ պետք է անես։ Կամ պետք է քո գաղափարդ, քո միտքդ փոխես և մնաս և կամ պետք է թողնես նույն քաղաքը և գնաս մի այնպիսի տեղ, որտեղ հակառակ չեն լինիլ քո գաղափարին։ Մի ժամանակ սրանից ուղիղ քսան տարի առաջ, բարեփոխություն առաջարկեցի Ախլցխայի ուսումնարանի համար, ասելով՝ ձեր ուսումնարանը ուսումնարան չէ, որովհետև ձեր վարժապետները անպետք են, միևնույն գնով կարելի է շատ լավ ուսուցիչներ հրավիրել։Սրա համար ժողով կազմեցին և առաջարկեցին ինձ, որ կամ ասածս ետ վերցնեմ և կամ հրաժարական տամ։ — Ես հրաժարական կտամ, ասացի, ավելացնելով՝ որ ձեր վարժապետները տգետ են։ ես հեռացա, բայց ասածներս զուր չանցան։ Եվ այնուհետև էլ, ուր որ եղել եմ, ես շեմ ծառայել հոգա բարձության կամքին, այլ նրանց եմ ծառայեցրել իմ կամքին. պատահել է, որ ամենազորավոր հոգաբարձու դուրս եմ վռնդել դասատան միջից բոլոր աշակերտաց ներկայությանը։ Առաջնորդ, տեսուչ, հոգաբարձու—ամենքն էլ միշտ պատկառանքով են վերաբերվել դեպի ինձ, դեպի իմ գործունեությունը, տեսնելով, որ ինձ համար նյութական աշխարհ չկա, այլ միայն