Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/230

Այս էջը սրբագրված է

կպատասխանի, թոզ նա լինի իմ տիրոջս՝ Իսահակի կինը»...

Ծառայի մտմտուքը կետ առ կետ կատարվում է։ Այս բանի պատմողը կարող էր ասել նաև, որ աղջիկն էլ, ջուրը գնալիս՝ նույն բանն էր մտմտում, ինչ որ Աբրահամի ծառան։ Այսպիսով երկուսի մեջ կկատարվեր մեր ժամանակի անթել հեռագրի դերը և կլիներ հեռազգայություն (թելեպատիա)։

Մտարածին բաները մարդուս հոգուց դուրս գոյություն չունին։ Մեր զգայարանքներին ենթարկվում են ոչ միայն արտաքին աշխարհի տպավորությունները, այլև ներքին։ Մարդըս կարող է տեսնել իր հանդեպ արձանացած այն պատկերը, որ իր երևակայության մեջն է։ Սարող է լսել մի մեղեդի, որ ինքն է աշխատում ներդաշնակել։ Այսպես, Համլետը տեսնում է իր հոր ուրվականը, Մոցարտը լսում է իր մահվան սգերգը։

Պետք է այստեղ շեշտելով ավելացնեմ, որ այսպիսի պատմություններից հարյուրից մեկն է ճշմարիտ, այդ ճշմարիտն էլ շաղախած և թաղված է անհամար նախապաշարմունքների ծալքերի տակ։ Բայց հարյուրից մեկն էլ է բավական, որ մենք համոզվենք, թե շատ մարդիկ նախազգալու և հեռազգալու հատկություն ունին։ Այս նյութի մասին շատ բան կա գրված, և ես մտադիր եմ ուսումնասիրելու և տպավորությունս հաղորդելու ընթերցողներին։ Առայժմ ես ուզում եմ ինձ պատահած շատ դեպքերից մեկի պատմությունը հաղորդել։

Դ

1894-ին գնացել էի Բաքու այնտեղ մի առ ժամանակ մնալու համար, բայց յոթն որ չանցած մեկ օր շատ վատ եղա հոգեպես։ Այդ օրը պատահեցի բժիշկ Գ, Հովհաննիսյանին, մոտիկ բարեկամիս, և ասացի. — Գաբրիել, հոգիս վրդովված է, սիրտս ասում է' որդիդ հիվանդ է, օգնության հասիր։

Այդ ժամանակ Մուշիկս յոթը տարեկան էր, գտնվում էր մեծ մոր մոտ և սովորում էր օր. Սոֆիա Արղությանի մանկա․