Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/38

Այս էջը հաստատված է

ՀԱԳՈԻՍՏԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈԻԹՅՈԻՆԸ

Ա

Վայրենությունից դուրս գալու առաջին նշանը զգեստավորվելն է, որովհետև մարդը վայրենի վիճակի մեջ մերկ է։ Մտքի շնորհազարդվելու հետ ի միասին առաջ է գնում արտաքին շնորհազարդությունը և այնուհետև ներքին և արտաքին գեղեցկությունները փոխադարձաբար ազդում են միմյանց վրա։ Մի քնքուշ և գեղեցիկ իրի հետ, լինի այն կահ ու կարասիք, զարդ, գործիք, շատ զգույշ ենք վարվում։ Նոր և գեղեցիկ հագուստի մեջ ևս ամեն վարմունք մեզ թույլ չենք տալիս, այլ ինքներս էլ նրա հետ քնքշանում և մեղմանում ենք։ Մանուկը մի նոր հագուստի մեջ առաջին օրը մի տեսակ ուրախության ամոթխածություն է զգում։ Նա, ինչպես ասում են մեզանում, մի թիզ բարձրանում է։ Եվ ճշմարիտ որ բարձրանում է, ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես։ Վատ հագնվածը լավ հագնվածի մոտ իրան ճնշված է զգում։ Փորձեցեք քաղաքիս փողոցներում աղբ դեն ածող մշեցու աղբանման հագուստը փոխել և նորն ու լավը հագցնել, նա իսկույն կխառնվի լավ հագնվածների մեջ և կշրջի նրանց հետ ոչ ըստ յուր սովորության կորագլուխ։

Կոշտ և կեղտոտ հագուստը ամեն անգամ աղքատության նշան չէ, ինչպես որ մաքուր և գեղեցիկ հագուստը միշտ հարստության նշան չէ, այլ թե մեկը և թե մյուսը սովորություն է միայն։ Հոգով և մտքով ընկճվածները ֆիզիկապես էլ ընկճված են լինում, և ընդ հակադարձն։ Ազգերի պատմական կյանքում հագուստը միշտ նշանավոր դեր է կատարել և այս րոպեիս էլ կատարում է։ Շատ երկար կլինի, եթե սկսենք մի պատմական տեսություն գրել հագուստի մասին, բայց ժամանակ առ ժամանակ մենք կդառնանք այդ խնդրին։ Առայժմ մեր նպատակն է ցույց տալ, որ լավ հագնելը, մաքուր հագնելը մեր բարոյական զարգացման անհրաժեշտ տարերքներից մեկը պետք է համարենք։ Հայոց մեջ առած կա, թէ ինչ աշխարհք որ գնաս, այնտեղի գդակը ծածկիր։ Եվ այսպես էլ անում են հայերը։ Ուր որ գնում են իրանց