Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է

հատկացնելով նրան իր չարն ու բարին, մյուս կողմանե մտրակը ձեռին պիտի հարձակվեր և հարձակվեր, շատ անգամ նաև անխնա։

«Մշակը» միշտ ունեցել է ազատ և թարմ մտքի տեր աշխատակիցներ, բայց լրագրին ոգի և կյանք տվողը միշտ եղել է ինքն Արծրունին իր առաջնորդող հոդվածներով, Ասիացու ֆելիետոններով, Շվեյցարիայի և Փարիզի նամակներով։

Հայերիս համար մեծ նշանակություն պիտի ունենա ոչ միայն Արծրունու գրավոր վաստակը, այլև իր կենդանի անձնավորությունը, որ լինելով եվրոպական կրթություն ստացած, հմուտ եվրոպական լեզուների, հարկավոր դեպքերում կարող ենք ուղարկել նրան նույնիսկ Ամերիկա։ Վերջին ժամանակներս նրա Փարիզ գնալուն ավելի նշանակություն պիտի տանք, քան թե այնտեղից գրած նամակներին։ Այդ նամակները կարող էին գրել և ուրիշները, կարող էին և այստեղ թխվել, բայց այլ նշանակություն ունի բոլորովին, երբ մի հայ խմբագիր ինքն անձամբ տեսակցություն է ունենում մյուս ազգերի խմբագիրների հետ և ընդունվում նրանցից իբրև իրանցից ոչ պակաս տաղանդի և շնորհքի տեր մարդ։ Այս պատիվը միայն նրա անձին չի վերաբերում, այլև այն գրականության և ազգին, որի ներկայացուցիչն է հանդիսանում նա։ Չէ՞ որ դատապարտում ենք այն հայերին, որոնք թշվառություն ունին իրանց ստոր արարքով ամոթ բերել հայ ազգի անվանը և սրա հակառակ պատվում, մեծարում ենք նրանց, որոնք բարձրացնում են մեր ազգի անունը իրանց առաքինությամբ և հանճարով։

Եվ հիմա, կարծում ենք, ժամանակ է, որ ժողովրդի համակրությունը կամ հակակրությունը երևա գործով, ժամանակ է, որ հայ ժողովուրդը իր դրական կամ բացասական քվեն տա «Մշակի» անխոնջ խմբագրի գործունեությանը, և մենք հույսով ենք, որ այդ քվեն կլինի դրական, այլ ոչ բացասական. մենք հույսով ենք, որ Գրիգոր Արծրունու գրական գործունեության քսանհինգամյակը կտոնվի մինչև այսօր հայոց մեջ նմանը չտեսնված փառավոր հանդիսով, և հայերը ցույց կտան, թե գիտեն փառավոր պսակ դնել մտքի և խոսքի մշակի գլխին նաև նրա կենդանությա ժամանակ:

1890