Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/59

Այս էջը հաստատված է

ճշմարիտ նշանակումը ընտրյալ Հայրապետի ձեռքով, մինչև կարողանանք մեր ընտրությունը կատարել խելացի և արդարացի եղանակով։

Բայց դուք, պարոններ, բնավ հետամուտ չեք ո՛չ ճշմարտության և ո՛չ արդարության. ձեր նպատակր ո՛չ ընտրություն է և ո՛չ սկզբունքը, այլ՝ ձեր անձնական հակակրությունը դեպ Մեսրոպ եպիսկոպոսը։ Դուք շատ լավ գիտեք, որ Սինոդի անդամը պաշտոնով հավասար է թեմական առաջնորդին, և դեռ մի քիչ էլ ավելի է իրավունքով, որ նա նույնպես հաստատված պաշտոնյա է և ունի իրավունք եպիսկոպոսանալու:[1] Հայրապետը կարող է և անպաշտոն վարդապետների ձեռնադրել եպիսկոպոս ըստ իր բարեհաճության: Այլ բան է բոլորովին առաջնորդի ընտրությունը, ուր ժողովրդի մասնակցությունը պետք է անհրաժեշտ համարել, բայց ինչպե՞ս։

Էջմիածինն է մեր թեմերին առաջնորդներ և հաջորդներ մատակարարողը։ Բայց էջմիածինը այդ պաշտոնի համար մարդիկ չի կրթում, չի նախապատրաստում: Նրանց ընտրվելու իրավունք տվողը միայն իրանց վեղարն է, որի տվողը ժողովուրդը չէ: Ժողովուրդը ուզի չուզի պետք է այդ վեղարավորներից ընտրե իր հաջորդը կամ առաջնորդը։ Ահա այս հանգամանքն ստիպում է ինձ այս խնդրում տարակարծիք լինել «Մշակ»-ի հրատարակիչների հետ։ Ես ասում եմ. մենք մեր առաջնորդներն ու հաջորդները չպիտի ընտրենք բացառապես վեղարավորներից, այլ իրավունք պիտի ձեռք քերենք ընտրելու անխտիր ամեն մի հայի, լինի նա կուսակրոն, քահանա և թե աշխարհական, միայն թե լինի բարեբարո և զարգացած մարդ և այդ պաշտոնի համար ամենահարմարը։ Ահա այս դեպքում միայն մեր ընտրությունը կլինի արդարացի ընտրություն և ոչ սահմանափակ և կեղծ։

Բայց այս նորամուծությունը կարող է կորցնել կուսակրոնների հմայքը։ Այո՛, և ավելի լավ։ Թող նրանք առաջնորդության չձգտեն երբեք, այլ դառնան գիտության և գրականության պաշտոնյա, ինչպիսիք են Մխիթարյան հայրերը։ Չէ՞ որ

  1. Սինոդի անդամներից չորսը, ըստ Պոլոժենիայի, պետք է եպիսկոպոս լինին: