Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/67

Այս էջը հաստատված է

ԱՄԱՆՈՐԻ ԲԱՐԵՄԱՂԹՈԻԹՅՈԻՆ

Սա՜ղ ըլիք, ուրա՜խ...
Ժողովրդական

Սա՜ղ ըլիք, ուրա՜խ... Կարճ և ազդու։ Ժողովուրդը երկու բառի մեջ բովանդակել է փիլիսոփայական և առողջապահական մի ամբողջ սիստեմ։

Ուրախությունը առողջություն է և առողջարար, իսկ տխրությունը հիվանդություն է և հիվանդացնող։

Հիվանդ մարդուն ուրախ պահելով կարելի է առողջացնել,իսկ առողջին տխրեցնելով՝ կարելի է հիվանդացնել:

Ո՞վ ավելի ուրախ կլինի. արդյոք նա, որ խղճի վրա ոչ մի բիծ չունի, թե՞ նա, որի խիղճը տանջվում է հանցանքների ծանր բեռան տակ։

Արտաքուստ հավասար պայմաններում անմեղն ու բարին ուրախ կլինին միշտ, իսկ չարն ու մեղավորը՝ տխուր։ Սուրբերը խարույկների վրա անգամ բարձրանում են ուրախ ու զվարթ։ Ուրախության մեջ է թաքնված մեր ոչ միայն ճշմարիտ բախտավորությունը, այլև բարձր առաքինությունը։

Եթե ուրախությունը բախտավորություն է, իսկ տխրությունը՝ դժբախտություն, ապա ուրեմն մենք միմյանց ուրախացնելով՝ կարող ենք աշխարհիս վրա տարածել բախտավորության թևերը։

Թո՛ղ ուրախացնեն ամենքը միմյանց ով ում, ինչով և ինչպես կարող է,— եղբայրը եղբորը, ընկերն ընկերին, տերը ծառային, հարուստն աղքատին, բնիկը պանդուխտին, ազատն ստրկին, վերջապես ամենքն ամենքին։

Մեկ անգամ մի անճարացած մարդ պատահում է մի բարի մարդու և նրանից օգնություն գտնելով՝ ասում է ուրախացած.

«Որքա՜ն բախտավոր եմ, որ ձեզ հանդիպեցի»։ «Ես ավելի ուրախ եմ, որ ինձ հանդիպեցիք»,— ասում է բարեգործը։

Իրավի՛, եթե ամեն օգնողն աստված է, որքա՜ն բախտավոր է ուրեմն այն անձը, որի ձեռքովն է աստված իր օգնությունը հասցնում։ Ի՜նչ ավելի մեծ հատուցում կարող է հավասարվել այս երկնային ընտրության հետ, որ դրախտից և արքայությունից բարձր է: