Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/68

Այս էջը սրբագրված է


արքայությունից բարձր է։ Այս հոգեկան բարձրագույն վայելքը կցանկամ ես ամեն մի մարդու։ Ձեր էլ, ընթերցողներ, ամանորը շնորհավորելով` կասեմ. Սա՜ղ ըլեք, ուրա՜խ...

1911


Ո՞ՒՐ ՈՐՈՆԵՆՔ ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ տոնի առիթով

Ինձ որ հարցներ մեկը, թե եղած կրոնների մեջ ո՞րն է ամենից լավը, կպատասխանեի, թե այն կրոնն է լավ, որի հետևողների մեջ չի լինում հանցագործություն, չեն լինում թշվառներ։

Բայց կա՞ արդյոք այդպիսի կրոն։

— Չկա և ոչ մեկը։ Հանցագործությունը և թշվառությունը համատարած է, ընդհանուր մարդկային է։ Մարդ արարածը գազան է, որ ոչ մի կրոնի լուծ չի առնում իր վզին, ոչ ոք իր կրոնի պատվերը չի կատարում։

Թողեք ուրիշ կրոնները, վերցնենք մեզանից մոտիկը, սեփական կրոնը։ Քրիստոսի ասածով` երկնային արքայության սկիզբը պետք է լիներ երկրիս վրա։ Երկնային արքայությունը պիտի լիներ երկրայինի շարունակությունը։ Մարդիկ պիտի սիրեին միմյանց իբրև իրանց անձը, իմ ու քո չպետք է լիներ, ամենայն ինչ պետք է լիներ հասարակաց։ Այժմ նայեցեք ձեր չորս կողմը և տեսեք կա՞ արդյոք այդպես բան։ Ընդհակառակը աղվեսները որջ ունին և ագռավները` բույն, իսկ մարդու որդին այնքան թշվառ է, որ գլուխը դնելու տեղ չունի։

Եվ ոչ ոք էլ չի զգում այս, ոչ ոք չի խղճահարվում։ Եվ ո՞վ կարող է ուրիշի աչքում շյուղ տեսնել, քանի որ իր աչքում գերան կա։ Եվ այսպես ահա, քրիստոնյա աշխարհում չկա և ոչ մի քրիստոնյա։ Եվ եթե լինին էլ մեկը և երկուսը, մի՞թե դրանցով կփրկվի մեղավոր աշխարհը։ Ուրեմն ո՞ւր պետք է որոնենք մեր փրկությունը։ Մեզ ուրիշ փրկություն չկա, բացի